Թուրքիայում Zaman թերթի նախկին խմբագրին ձերբակալելու թույլտվություն է տրվել

Թուրքիայում  Zaman թերթի նախկին խմբագրին  ձերբակալելու թույլտվություն է տրվել

PanARMENIAN.Net - Ստամբուլի դատարանը ընդդիմադիր Zaman թերթի նախկին խմբագիր Էկրեմ Դումանլիին ձերբակալելու թույլտվություն է տվել:

Խմբագրի դեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու և զրպարտելու մեղադրանքներ են ներկայացվել, «ՏԱՍՍ»-ին հղումով գրում է Panorama.am-ը:

Մարտի 5-ին Ստամբուլում ոստիկանությունն արցունքաբեր գազի, ջրցան մեքենաների և ռետինե փամփուշտների օգնությամբ ցրել է Zaman-ին աջակցող ցույցը, որը հավաքվել էր խմբագրության առջև այն բանից հետո, երբ Ստամբուլի դատարանը որոշում կայացրեց արտաքին կառավարում սահմանել թերթի համար: Թերթը մեղադրվում է ԱՄՆ-ում բնակվող և Էրդողանի հակառակորդը համարվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի փողերը լվանալու մեջ:

Թերթի անգլալեզու տարբերակի նախկին խմբագիր Բյուլենթ Քենեշը, ում դեմ նույնպես գործ է հարուցված, հերքել է դատարանի կողմից Դումանլիի դեմ ներկայացված մեղադրանքները, դրանք որակելով, որպես «սխալների հավաքածու»:

Վերջինս նշել է, որ նյութը, որի շուրջ ծավալվել են իրադարձությունները, գրվել է Թուրքիայի կառավարական օղակներում ծածկանունով հանդես եկող հայտնի ինֆորմատոր Փաութ Ավնիի հրապարակումների հիման վրա, որոնք նա արել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Դումանլիի նկատմամբ մեղադրանքները ներկայացվել էին 2015-ի նոյեմբերին, համաձայն որոնց խմբագիրը, ղեկավարելով ահաբեկչական կազմակերպություն, նպատակ է ունեցել Թուրքիայում հեղաշրջում իրականացնել և տապալել Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Համանման մեղադրանքներ Դումանլիի նկատմամբ առաջադրվել էին նաև 2014-ի դեկտեմբերին: Այդ անգամ էլ թուրքական իշխանությունները թերթի խմբագրին մեղադրում էին ընդդիմադիր գործիչ Ֆեթուլա Գյուլենի կողմից ղեկավարվող և Թուրքիայի ստվերային կառավարություն անվանումը ստացած շարժման անդամ լինելու մեջ:

Ընդդիմադիր թերթի նկատմամբ Թուրքիայի իշխանությունների կողմից սկսված բռնաճնշումների արդյունքում թերթը դադարելու է հրատարակվել Թուրքիայում և ամենայն հավանականությամբ, կսկսի հրատարակվել Գերմանիայում: Այս մասին հայտարարել է թերթի գերմաներեն հրատարակության պատասխանատու խմբագիրը:

Ընդդիմադիր թերթի դեմ սկսված բռնաճնշումների վերաբերյալ մարտի 11-ին իր մտահոգությունն էր հայտնել նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյուրբերգ Յագլանդը՝ նշելով, որ մամուլի իրավիճակը Թուրքիայում խորը անհանգստություն է առաջացնում և Zaman թերթի հետ տեղի ունեցածը ընդամենը օրինակների մեկն է:

Ավելի վաղ Zaman թերթը տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի, նախագահի մանդատը ստանալուց ի վեր Թուրքիայում Էրդողանին վիրավորելու համար պատկան մարմինները քաղաքացիների դեմ հարուցել են ավելի քան 1845 գործ: Բոլոր դեպքերում գործել է Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը, որ սահմանում է մեկից մինչև չորս տարվա ազատազրկում:

Zaman-ը բացվել է 1986-ին: Թուրքիայից բացի, այն տարածվում է նաև մի քանի խոշոր երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում և Գերմանիայում: Պարբերականը ամենաազդեցիկներից է Թուրքիայում: Ավելի վաղ Թուրքիայում փակվեցին Kanaltürk և Bugün TV հեռուստաալիքները, Bugün Gazetesi և Millet Gazetesi թերթերը, Kanaltürk Radyo ռադիոկայանը, որոնք վերահսկվում էին Գյուլենի կողմից:

Կարդացեք նաև՝ Թուրքական Zaman-ի աշխատակիցը հայտնել է թերթի 30 տարվա արխիվի ոչնչացման մասին

Ընդդիմադիր Zaman-ը գովաբանել է էրդողանին թերթի խմբագրությունը ցրելուց 1 օր անց

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---