«Նաիրիտ»-ի վիճակը կգնահատի էներգետիկայի նախարարության աշխատանքային խումբը

«Նաիրիտ»-ի վիճակը  կգնահատի   էներգետիկայի նախարարության աշխատանքային խումբը

PanARMENIAN.Net - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի առկա վիճակը և հետագա անելիքները ուսումնասիրելու համար: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Աշխատանքային խմբում ընդգրկված են ինչպես նախարարության, այնպես էլ գործարանի և «Երևան ՋԷԿ-ի» ներկայացուցիչները։ Աշխատանքային խումբը գլխավորում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյանը։

Ուսումնասիրելով «Նաիրիտի» ներկա վիճակը, աշխատանքային խումբը կարճ ժամանակահատվածում պետք է ներկայացնի առաջարկություններ՝ գործարանի հետագա զարգացման անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ։

Ավելի վաղ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է, որ Հայաստանը ներդրող է փնտրում «Նաիրիտ» քիմիական գործարանի համար, որի գործարկման համար, աուդիտորների նախնական գնահատականներով, անհրաժեշտ է մոտ $200–300 մլն-ի ներդրում։ Նրա խոսքով՝ «Նաիրիտ» կաուչուկի գործարանի լուծարումը կամ սնանկացումը բոլորովին ձեռնատու չէ ՀՀ կառավարության համար, որովհետև կառույցի պահպանման, անվտանգության ապահովման, ապա՝ վնասազերծման հետ կապված ծախսվող գումարները բավականին մեծ են։

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի աշխատակազմը 2015-ի հունիսի 24-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն է ներկայացրել «Նաիրիտ»-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունը և խորհուրդ տվել լուծարել գործարանը։ Ըստ ՀԲ-ն՝ «Նաիրիտը» շարունակում է վատնել կառավարության ռեսուրսները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---