Հունաստանի նախագահ. ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ԼՂ հիմնախնդրի լուծման ամենահարմար հարթակն է

Հունաստանի նախագահ. ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ԼՂ հիմնախնդրի լուծման ամենահարմար հարթակն է

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ամենահարմար հարթակն է: Այս մասին հայտարարել է Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը Աթենքում ՀՀ նախագահի հետ հանդիպմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հրավերով մարտի 14-ին պաշտոնական այցով ժամանել էր Հունաստան: Մինչ բարձր մակարդակի բանակցությունները, Սարգսյանը Աթենքում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:

Հունաստանի նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանը և Պրոկոպիս Պավլոպուլոսը առանձնազրույց են ունեցել: ՀՀ նախագահը և Պավլոպուլոսը, ով մինչ նախագահի պաշտոնն ստանձնելը եղել է Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամ և բավականաչափ տեղեկացված է Հայաստանի վերաբերյալ կարևորագույն հարցերին, քննարկել են միջպետական հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ` միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում գործակցությանը, փոխշահավետ մի շարք կարևոր ոլորտներում հայ-հունական գործակցության զարգացմանը, միջխորհրդարանական կապերին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր:

Նախագահներն անդրադարձել են նաև միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի, ներկայացրել դրանց շուրջ երկու երկրների մոտեցումները, խոսել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների և դրանց զարգացման գործում բարեկամ Հունաստանի դերակատարության, Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում ստեղծված ճգնաժամի և դրա հետևանքով առաջացած մարդասիրական աղետի, փախստականների ճգնաժամի հետևանքների մասին, որն այսօր համաեվրոպական խնդիր է դարձել, իսկ Հունաստանի կառավարության համար՝ ամենօրյա լուրջ մարտահրավեր:

Առանձնազրույցից հետո պաշտոնական ճաշի ընթացքում երկու երկրի նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով:

Նախագահ Պավլոպուլոսը հանգամանորեն անդրադարձել է իր երկրի արտաքին քաղաքականության մի շարք կարևորագույն հարցերի` Հունաստան-Թուրքիա հարաբերությունների, Կիպրական հարցի, տարածաշրջանի մարտահրավերների, փախստականների խնդրի վերաբերյալ Հունաստանի դիրքորոշումներին:

Այդ համատեքստում նա ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հունաստանի դիրքորոշումը, նշելով, որ Հունաստանն իր արտաքին քաղաքականության մեջ հետապնդում է միջազգայնորեն ընդունված օրենքների և նորմերի հիման վրա բոլոր հարցերի խաղաղ կարգավորման սկզբունքը և, անշուշտ, նույն տեսակետին է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված: Պրոկոպիս Պավլոպուլոսն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը այդ հիմնախնդրի լուծման ամենահարմար հարթակն է:

Հունաստանի նախագահի խոսքով, իր երկիրը կարևորում է Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությունը, խաղաղությունն ու կայունությունը նաև տարածաշրջանի տնտեսական զարգացման տեսանկյունից:

ՀՀ նախագահը իր հերթին շեշտել է, որ հարյուր տարի առաջ հույն ժողովուրդը ապաստան է տվել հայրենազրկված և անօթևան մնացած հազարավոր հայերի:

«Եվ այսօր հպարտությամբ եմ նշում, որ արմատներ ձգելով Հունաստանում՝ հայ համայնքն ամրացավ ու ծաղկեց՝ իր ստեղծագործ ներդրումը բերելով Հունաստանի շենացմանն ու նպաստելով հայ-հունական միջպետական համագործակցության ամրապնդմանը:

Հյուրերի նկատմամբ նման վերաբերմունքն անչափ հարազատ է մեզ` հայերիս, սակայն, հյուրասիրության այս դրսևորումը մեր ժողովուրդներին կապող միակ ընդհանրությունը չէ: Հայերն ու հույները միմյանց փոխկապակցված են ընդհանուր պատմությամբ և ավանդույթներով»,-ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այսօր մենք ունենք հագեցած երկկողմ օրակարգ՝ քաղաքական գործուն երկխոսությունից մինչև գործակցություն կրթության և մշակույթի բնագավառներում: Սերտորեն փոխգործակցում ենք ռազմական ոլորտում: Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում Հունաստանը մեր կարևորագույն գործընկերներից է: Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսն իր հերթին ընդգծել է, որ այսօրվա միջպետական հարաբերությունների հիմք դարձած այդ պատմական կապերն ամրապնդվել են դարերի ընթացքում` դժվարին պայմաններում.

«20-րդ դարի սկզբներին երկու ժողովուրդները միևնույն պատճառով տառապալից պահեր են ապրել, ինչպես վկայում է պատմությունը` թե՛ հայ ժողովրդի, թե՛ Պոնտոսի հույների, թե՛ Փոքր Ասիայի հույների նկատմամբ տեղի ունեցածը: Մենք չենք մոռանա 1915թ. Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Հունաստանի նախագահը:

Նրա խոսքով՝ հպարտ են, որ Հունաստանն այն քիչ երկրներից էր, որ օթևան տվեց տարագիր հայերին, նաև Հունաստանն առաջին երկրներից էր, որ ճանաչեց հայերի դեմ գործված ցեղասպանությունը, իսկ մյուս կողմից` Հայաստանի խորհրդարանը ճանաչեց պոնտոսցիների դեմ գործված ցեղասպանությունը:

Հունաստան պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին նաև հարցազրույց է տվել Հունաստանի հանրային հեռուստաընկերությանը:

Ավելի ուշ Սարգսյանը Հունաստանի նախագահի հետ Աթենքի Բյուզանդական և քրիստոնեական թանգարանում ներկա կգտնվի «Հայաստան. Արարատի ոգին» խորագրով ցուցահանդեսի բացմանը, իսկ երեկոյան հանդիպում կունենա Հունաստանի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ:

Նույն օրը Սարգսյանը հանդիպում է ունեցել Հունաստանի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ: «Հպարտ եմ, երբ ամեն անգամ մեր հույն գործընկերներն անդրադառնում են հայ համայնքի ունեցած ներդրմանը հունական պետության զարգացման գործում, երբ առանձնակի ջերմությամբ է խոսվում հայերի աշխատասիրության ու նվիրվածության, համայնքի կազմակերպվածության մասին»,-ասել է նախագահը։

Նախագահն անդրադարձել է այս տարի իր անկախության անկախության 25-ամյակը նշող մեր պետության ներքին և արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, Հայաստանի զարգացման ընթացքին, միտումներին և գերակա ուղղություններին, Հայաստանի և Սփյուռքի առջև ծառացած կարևորագույն խնդիրներին, տարածաշրջանային և միջազգային արդի մարտահրավերներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում Հայաստան-Սփյուռք համակարգված աշխատանքի արդյունքում իրականացված բազմաթիվ միջոցառումներին, այդ թվում` Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:

«Հունաստանը այն երկրներից է, որ ոչ միայն առաջիններից մեկը (1996թ.) ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր, այլև 2014թ. օրենքի ուժով քրեականացրեց Պոնտոսի հույների և հայերի ցեղասպանության ժխտումը: Երբեք չենք մոռանա Հունաստանի և հույն ժողովրդի անգնահատելի աջակցությունը հայերին, ինչպես Մեծ եղեռնի, այնպես էլ դրան հաջորդած տարիներին, երբ հայ գաղթականներով լի նավերը խարիսխ գցեցին հունական Պիրեա նավահանգստում: Հույների օգնությամբ մեր պապերը հաստատվեցին Աթենքում, Սալոնիկում, Թեսալիայի, Մակեդոնիայի և Թրակիայի ընդարձակ տարածքներում և այլուր՝ ստանալով Հունաստանի իշխանությունների անվերապահ աջակցությունն ու օժանդակությունը», - ասել է նախագահը:

Նա խոսել է նաև ՀՀ նոր Սահմանադրության մասին՝ ներկայացնելով այն որպես զարգացման որակական նոր փուլի գործընթաց, որը մեծապես նպաստելու է առավել բաց, առավել արդար հասարակության կառուցմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---