Հայաստանի նախաձեռնությամբ ռուս-վրացական սահմանին նոր անցակետ կբացվի

Հայաստանի նախաձեռնությամբ ռուս-վրացական սահմանին նոր անցակետ կբացվի

PanARMENIAN.Net - Հայաստանի նախաձեռնությամբ ռուս-վրացական սահմանին` Լարսում նոր անցակետ կբացվի բեռնափոխադրումները թեթևացնելու համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Նախորդ տարի ամռանը հայ բեռնափոխադրողները բավականին երկար ժամանակ էին կորցնում Լարսի անցակետում, որտեղ վրացական, թուրքական և այլ փոխադրողների հերթեր էին գոյանում։ Լուծում գտնելու հույսով ՀՀ կառավարությունը դիմել էր ԵՏՄ-ին՝ անդամ երկրների համար առանձին ռեժիմ գործարկելու առաջարկով։ Փոխնախարարը նշել է, որ աշխատանքներն այդ ուղղությամբ ակտիվորեն շարունակվում են։

Փոխնախարարի խոսքով, տարբեր լուծումներ են քննարկվել ռուս գործընկերների հետ, որ ճանապարհը հնարավորինս լայնացվի, և ռուսական կողմից էլ խնդիրը լուծելու պատրաստակամությունը կա։

«Ոչ միայն առանձին անցակետ կլինի, մենք ուզում ենք լուծումներն այնպես տրվեն, որ այնտեղ առաջացող հիմնական խնդիրները լուծվեն»,– ասել է Առաքելյանը, նշելով, որ այդ տարածքում երկու սարի արանքում սեղմված ճանապարհ է, և մեքենաների հերթերն ավելի շատ գոյանում են կլիմայից ելնելով, նաև գետն աշնանն ու գարնանը վարարում է, ինչը խնդիր է դառնում ճանապարհը լայնացնելու համար։

«Տեղում մի քանի անգամ եղել ենք և գործընկերների հետ լուծումներ ենք առաջարկել։ Դա ոչ միայն հայկական, այլև ԵՏՄ բոլոր փոխադրողների համար առավելություն կլինի։ Այժմ նախագծային աշխատանքներ են իրականացվում, բայց քանի որ իրենց տարածքն Է, մենք չենք կարող ակտիվ ներգրավվել։ Դրանց ավարտից հետո պարզ կլինեն ժամկետները»,– ավելացրել է փոխնախարարը։

Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանն իր հերթին հայտնել է, որ ճանապարհը լայնացնելու համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ, տեխնիկապես բարդ ու վտանգավոր է, պայթեցումների խնդիր կա։ Բայց նա միաժամանակ նշել է, որ ներդրումներն արդարացված են, քանի որ գարնան հետ Հայաստանի արտահանումներն ակտիվանում են, և ծավալները կմեծանան։

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին գտնվող Վերին Լարսի հսկիչ անցակետն ապահովում է ՀՀ և ՌԴ միջև միակ ուղիղ վերգետնյա տրանսպորտային կապը։ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պայմաններում Վերին Լարսը կարևոր դեր է խաղում արտաքին աշխարհի հետ հանրապետության տնտեսական կապերի հարցում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---