Տուսկ. ԵՄ և Թուրքիայի միջև համաձայնագիրը լրամշակման կարիք ունի

Տուսկ. ԵՄ և Թուրքիայի միջև համաձայնագիրը լրամշակման կարիք ունի

PanARMENIAN.Net - Եվրամիության և Թուրքիայի միջև միգրացիոն ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը համալրման կարիք ունի: Հարկ կլինի առաջիկա օրերին մի շարք հարցեր լուծել, ստանալու համար բոլոր անդամ երկրների և եվրոպական ինստիտուտների համաձայնությունը, հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Անցած շաբաթ ես ստացա Թուրքիայի և Եվրամիության միջև համաձայնագիրը նախապատրաստելու մանդատ: Ես աշխատում եմ դետալների վրա, այդ պատճառով եմ Նիկոսիայում և Անկարա եմ մեկնելու երեկոյան: Թուրքիայի առաջարկը, որը քննարկվել է Գերմանիայի և Նիդերլանդների հետ, նախկինի պես լրամշակման կարիք ունի, որպեսզի այն ընդունելի լինի ԵՄ անդամ բոլոր 28 անդամի և ԵՄ կառույցների համար: Նպատակն է ավարտել բանակցություններն այս շաբաթվա ընթացքում, սակայն մենք դեռ կհասնենք դրան»,-ասել է Տուսկը Նիկոսիայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել են ԵՄ ծառայությունները:

«Պետք է ապահովել, որ ցանկացած նոր սխեմա Հունաստանի և Թուրքիայի միջև ներգաղթյալների վերադարձի վերաբերյալ լիովին համապատասխանի ԵՄ օրենքներին և մեր միջազգային պարտավորություններին: Այսինքն հարկավոր է ապահովել, որ բոլոր հարցումներն անհատապես գնահատվեն Հունաստանում, մինչև ներգաղթյալներին Թուրքիա վերադարձնելու որոշում կայացնելը»,-ասել է Տուսկը:

Տուսկն ասել է նաև, որ պետք է լուծել նաև «Թուրքիայից ԵՄ այլ երկրներ, օրինակ, Բուլղարիա, միգրացիայի այլընտրանքային ուղիների հարցը»: «Դա ևս հարկավոր է կարգավորել, որպեսզի համաձայնագիրն արդյունավետ լինի»,-ասել է Եվրախորհրդի նախագահը:

Մինչդեռ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը Դոնալդ Տուսկի հետ բանակցությունների ավարտին հայտարարել է, որ Կիպրոսը չի համաձայնվի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցություն վերաբերյալ բանակցությունների նոր գլուխներ բացել, եթե Թուրքիան չկատարի իր պարտավորությունները: Այդ պահանջների թվում է մասնավորապես Կիպրոսի ճանաչումը Թուրքիայի կողմից:

Մարտի 7-ին կայացած ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովում Անկարայի ներկայացուցիչները պահանջել են 2 անգամ ավելացնել ԵՄ օժանդակությունը` 3 մլրդ եվրոյից մինչև 6 մլրդ եվրո: ԵՄ և Անկարայի միջև պայմանավորվածության վերջնական տարբերակը պատրաստ կլինի ԵՄ հաջորդ գագաթնաժողովին, որը կայանալու է մարտի 17-ին:

Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել դեռ 1987-ին, իսկ 1999 թ. ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ, բանակցությունները սկսվել են 2005-ին: Սակայն 35 անհրաժեշտ պայմաններից Թուրքիան մինչ օրս բավարարել է միայն 14-ին, ընդ որում ամենամեծ առարկություններն առաջացնում է տարածքային վեճը Կիպրոսի հետ ու ժողովրդավարացման խնդիրները երկրի ներսում: 17 գլուխ դեռ փակ է մնում:

Բանակցությունները բազմիցս են բարդացել տարաձայնությունների պատճառով և կասեցվել: Գլխավոր խոչընդոտը Թուրքիայի դիրքորոշումն է Կիպրոսի հարցում: Կարևոր փուլ եղավ 2013-ի դեկտեմբերին ռեադմիսիայի մասին պայմանագրի կնքումը Թուրքիայի հետ: 2014-ի հոկտեմբերի 16-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց նոր ամենամյա զեկույցը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի մասին՝ առաջարկելով վերսկսել բանակցություններն ու շտապեցնել Թուրքիային ժողովրդավարացման հարցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---