Կիպրոսը ողջունում է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերը

Կիպրոսը ողջունում է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով գտնվում է Կիպրոսի Հանրապետությունում, որտեղ հանդիպե է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ: Առանձնազրույցի ավարտին մեկնարկել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Դրանց արդյունքում ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-կիպրական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր, մասնավորապես` մշակույթի բնագավառում 2016-2018թթ. համագործակցության մասին ծրագիրը, կրթության և գիտության բնագավառում 2016-2020թթ. համագործակցության մասին գործնական ծրագիրը, երկու երկրների բուհերում ուսումը սկսելու և շարունակելու նպատակով բարձրագույն ուսումնական որակավորումների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը, հայտնում է նախագահի մամուլի շառայությունը:

Հայաստանի և Կիպրոսի նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների առջև համատեղ հայտարարություններով:

Կիպրոսի նախագահը ողջունել է ՀՀ նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը և վստահություն հայտնել, որ այցի արդյունքում ավելի կամրապնդվեն ու կխորանան հայ-կիպրական բարեկամական հարաբերությունները: Նա, մասնավորապես, նշել է, որ Նիկոսիան վերահաստատում է պատրաստակամությունը շարունակելու և ակտիվացնելու համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: «Ասածներիս ապացույցը միձայն որոշումն էր, որ 2015թ. ապրիլի 2-ին ընդունեց Կիպրոսի խորհրդարանը` քրեականացնելով Հայոց ցեղասպանության ժխտումը: Մենք Եվրոպական միության անդամ առաջին երկիրն էինք, որ 1982թ. Ճանաչեցինք Հայոց ցեղասպանությունը: Մեր հնարավորության շրջանակներում և սփյուռքի աշխարհով մեկ սփռված կառույցների միջոցով մենք միավորում ենք մեր ձայնը և դեմ ենք բոլոր նրանց, ովքեր չեն ուզում ճանաչել Հայոց ցեղասպանությունը», - նշէլ է նա:

Անաստասիադիսը նշել է, որ քննարկվել են նաև կիպրական հարցի, թե՛ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները վերաբերյալ: «Ես վերահաստատեցի մեր աջակցությունը հիմնահարցի լուծմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ ճանապարհով, երկխոսությամբ և զերծ ուժի կիրառումից: Կիպրոսը ողջունում է այն ջանքերը, որ ներդնում է Հայաստանը, որպեսզի խաղաղ ճանապարհով կարգավորվի այդ հարցը», - ասել է նա:

Քննարկվեցին նաև Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող հարցեր, «Ես կրկնեցի, որ Կիպրոսը կայուն կերպով սատարում է բոլոր հնարավոր ոլորտներում ավելի խորացնելու փոխշահավետ հարաբերությունները Հայաստանի և Եվրոպական միության միջև: Կիպրոսը սատարում է Հայաստանին Արևելյան գործընկերության շրջանակներում, որովհետև ձեր երկիրը, պարոն նախագահ, շատ կարևոր և գնահատելի գործընկեր է և բանակցող: Միևնույն ժամանակ, ամբողջությամբ հարգում ենք ձեր կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունը, ձեր որոշումները և ձեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին», - ասել է Կիպրոսի նախագահը:

Սերժ Սարգսյանն, իր հերթին, նշել է, որ հայ-կիպրական համագործակցության զարգացման համատեքստում առանձնակի կարևորեցինք ռազմական ոլորտում հաստատված արդյունավետ համագործակցությունը և դրա շարունակական ընդլայնումը։ «Օգտվելով առիթից՝ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեցի, որ Կիպրոսի բարեկամ ժողովուրդը անցյալ տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, վերահաստատեց իր համերաշխությունն ու բարեկամական վերաբեմունքը հայ ժողովրդի նկատմամբ։ Դա դրսևորվեց թե՛ Կիպրոսի բարձր ղեկավարության՝ նախագահ Անաստասիադիսի և Ներկայացուցիչների պալատի նախագահ պարոն Օմիրուի՝ ապրիլի 24-ին Երևան այցելությամբ, թե՛ Կիպրոսի խորհրդարանի կողմից այդ ծանրագույն հանցագործության քրեականացման օրինագծի ընդունմամբ և թե՛ այն բազմաթիվ միջոցառումներով, որ անցկացվեցին ձեր երկրում», - ասել է Սերժ Սարգսյանը։

«Անշուշտ, բարձր գնահատեցի ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համապատասխան և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերի լիակատար աջակցմանն ուղղված՝ Կիպրոսի կառուցողական և հավասարակշռված դիրքորոշումը: Հայաստանն էլ իր հերթին մշտապես բարձրաձայնել է Կիպրական խնդրի արդար կարգավորման անհրաժեշտությունը», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը կարևորել է Կիպրոսի ներդրումը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման, մասնավորապես՝ Արևելյան գործընկերության համատեքստում։ «Հպարտ եմ, որ հայ-կիպրական բարեկամությունն իսկական բարեկամություն է, ամուր բարեկամություն։ Չէ՞ որ մեզ միավորում են ոչ միայն պատմամշակութային ընդհանրությունները, այլև համամարդկային արժեքների վրա հիմնված ապագա կերտելու տեսլականը։ Վստահ եմ, որ Հայաստանն ու Կիպրոսը շարունակելու են համատեղ աշխատել հանուն այդ ապագայի։ Առավել ևս, որ ես և իմ ընկեր Նիկոսն արդեն շատ երկար ժամանակ իրար ճանաչում ենք, գիտենք, թե ինչ պետք է անենք, և ինչ էլ անում ենք, անում ենք մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ամպանդելու համար»,-ասել է նախագահն իր խոսքում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---