Ավստրալացի պատգամավորը Սումգայիթի ջարդերի մասին. Բաքուն այսօր էլ շարունակում է խախտել մարդու իրավունքները

Ավստրալացի պատգամավորը Սումգայիթի ջարդերի մասին. Բաքուն այսօր էլ շարունակում է խախտել մարդու իրավունքները

PanARMENIAN.Net - Ավստրալիայի Բենելոնգ շրջանի պատգամավոր Ջոն Ալեքսանդրը խորհրդարանի դաշնային պալատում մարտի 16-ին հիշատակել է Սումգայիթում հայերի ջարդերի 28-րդ տարելիցը, հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:

Իր ելույթում Ալեքսանդրը խոսել է հայ ժողովրդի ողբերգական պատմության մասին` 1915-1923 թթ. սկսած, երբ հայերն ապրում էին Օսմանյան կայսրության լծի տակ: Այնուհետև նա անդրադարձել է հայերի ջարդերին Սումգայիթում` խորհրդարանականների ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ Ադրբեջանն այսօր էլ շարունակում է խախտել մարդու իրավունքները:

Ալեքսանդրը ներկայացրել է որոշ փաստեր 1988 թ. իրադարձություններից, պատմել է Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի խաղաղ ցույցերի մասին, որոնց նպատակը վերամիավորումն էր Հայաստանի հետ` նշելով, որ բռնությունը «հավաքական պատժիչ գործողություն էր»:

Ալեքսանդրը նշել է, որ Սումգայիթում տեղի ունեցած հանցագործությունները այդպես էլ համարժեք գնահատական չստացան խորհրդային կամ ադրբեջանական իշխանությունների կողմից և չդատապարտվեցին օրենքի շրջանակում: Որպես Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար վիճակի օրինակ Ալեքսանդրը ներկայացրել է Ռամիլ Սաֆարովի դեպքը:

1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը ադրբեջանական իշխանությունների աջակցությամբ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ, որն իր դաժանությամբ ցնցեց համաշխարհային հանրությանը: Սումգայիթում հայերի զանգվածային ջարդերի նպատակն էր վախեցնել Լեռնային Ղարաբաղի հայերին, ստիպել նրանց հրաժարվել ազգային-ազատագրական պայքարից:

Փետրվարի 27-ին և 28-ին հանրահավաքները վերածվեցին բռնարարաքների: Մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով զինված ադրբեջանցիները ներխուժում էին հայերի բնակարանները, սպանում նրանց: Ադրբեջանի դատախազության տրամադրած տվյալների հիման վրա ԽՍՀՄ դատախազությունը հայտարարել է, որ «Սումգայիթում զոհվել է հայ ազգության 27 քաղաքացի»։

Առկա տեղեկու թյունները, սակայն, լուրջ հիմքեր են տալիս կասկածի տակ առնելու Սումգայիթի ջարդերի զոհերի թվի վերաբերյալ պաշտոնական տվյալների հավաստիությունը: Ականատեսների վկայությունների համաձայն մի այն ինքնությունը չպարզված զոհերի թիվը քաղաքի դիարաններում անցել է 70-ից: Զոհերի մի մասը թաղվել է Բաքվում, գրանցվել են նաև զոհերի մահվան պատճառները կոծկելու և կեղծելու դեպքեր: Սումգայիթից փրկված հայերը հաստատվել են ՀՀ-ում և ԱՊՀ այլ երկրներում: Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրախորհրդարանը (1988-ի ընդունած բանաձև), ԱՄՆ Սենատը (1989) և Արգենտինայի խորհրդարանը:

Ընթերցեք նաև. Հայ համայնքի բողոքի ակցիան՝ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության դիմաց

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---