Հիփոթեքի նոր պայմաններ՝ երիտասարդ ընտանիքներին. 10% կանխավճար, մինչև 17.2 մլն դրամ վարկ

Հիփոթեքի նոր պայմաններ՝ երիտասարդ ընտանիքներին. 10% կանխավճար, մինչև 17.2 մլն դրամ վարկ

PanARMENIAN.Net - «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում իրականացվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ, որոնք նախաձեռնվել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Փոփոխությունները և լրացումները հաստատվել են ՀՀ կառավարության 2016-ի մարտի 17-ի նիստում:

Ծրագրում, մասնավորապես, իրականացվել են հետևյալ փոփոխությունները և լրացումները.

Ավելացվել է Ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդների տարիքային սահմանափակման առավելագույն շեմը, այն է՝

- երիտասարդ ամուսինների տարիքը սահմանվել է 18-35՝ ներկայիս 18-30-ի փոխարեն, - ամուսինների առավելագույն գումարային տարիքը սահմանվել է 65՝ ներկայիս 60-ի փոխարեն:

Ավելացվել է ծրագրի ներքո ձեռքբերվող բնակարանների առավելագույն արժեքը, մասնավորապես, սահմանելով այն 25 մլն դրամ ներկայիս 16 մլն դրամի փոխարեն, ինչը հնարավորություն կընձեռի ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքներին ունենալ բնակարանի ընտրության ավելի մեծ հնարավորություն:

Ավելացվել է ծրագրի ներքո ձեռք բերվելիք բնակարանների համար տրամադրվող հիփոթեքային վարկերի առավելագույն գումարը, մասնավորապես, սահմանելով այն 17.5 մլն դրամ՝ ներկայիս 11.2 մլն դրամի փոխարեն:

Երևան քաղաքում ևս տրամադրվող հիփոթեքային վարկերի կանխավճարի նվազագույն չափը սահմանվել է ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10%-ը, վարկառուի կողմից այլ բնակելի անշարժ գույք գրավադրելու պայմանով: Փոփոխությունից առաջ գործում էր 30% կանխավճար:

Ծրագրում կատարված փոփոխությունների և լրացումների նպատակն է. առավել մեծ թվով երիտասարդ ընտանիքների ներգրավել ծրագրում, ովքեր ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք, ինչը կարող է նպաստել ժողովրդագրական խնդիրների լուծմանը, Ծրագրի հետագա աշխուժացումը՝ վերջին տարվա ընթացքում նկատվել է ծրագրի ներքո երիտասարդ ընտանիքներին տրամադրվող հիփոթեքային վարկերի նվազման միտում:

Ծրագիրը գործում է՝ 2008-ից. 2014-ի տվյալներով՝ 3000 երիտասարդ ընտանիք օգտվել է մատչելի վարկային փաթեթներից:

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը պետության ձեռնարկած ծրագիրն է, որի նպատակն է պետական աջակցություն ցուցաբերել բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին:Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելու խնդիրը կարևորվել է Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրում:

Ծրագրի շրջանակում բանկերը և վարկային կազմակերպությունները երիտասարդ ընտանիքներին տրամադրում են վարկեր` բնակարան ձեռք բերելու նպատակով, իսկ պետությունը վարկի մարման գործընթացում ֆինանսական աջակցություն է ցուցաբերում վարկառուին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---