Մոսկվան կոչ է անում Անկարային դադարեցնել բռնությունը քրդաբնակ շրջաններում

Մոսկվան կոչ է անում Անկարային դադարեցնել բռնությունը քրդաբնակ շրջաններում

PanARMENIAN.Net - Մոսկվան կոչ է անում Անկարային պայմաններ ապահովել դադարեցնելու համար բռնությունը քուրդ բնակչության հանդեպ երկրի հարավարևելյան շրջաններում և վերադառնալ քրդական հարցի քաղաքական լուծմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Կրկին կոչ ենք անում Անկարային անհրաժեշտ պայմաններ ապահովել դադարեցնելու համար բռնությունը և վերադառնալ քրդական հարցի խաղաղ լուծմանը: Մենք վստահ ենք, որ դրա լուծումը զուտ քաղաքական կարող է լինել»,-հայտարարել է Զախարովան:

Նա նշել է, որ չնայած Թուրքիայի իշխանությունների հայտարարություններին, բռնության մակարդակը երկրի հարավ-արևելքում չի նվազում: «Բազում շրջաններ փակ են հայտարարվել քրդաբնակ Շիրնաք, Մարդին և այլ գավառներում, պարետային ժամ է սահմանված: Եվ ԶԼՄ-ները, և իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին: Ըստ որոշ գնահատականների, ներքին տեղահանվածների թիվը Թուրքիայում կարող է հասնել 1 միլիոնի»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարեց, որ նոր հակաահաբեկչական գործողություն է սկսվումւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամների դեմ երկրի հարավ-արևելքի 3 շրջանում:

Ըստ Թուրքիայի գլխավոր շտաբի տվյալների, դեկտեմբերի կեսից ոչնչացվել է ավելի մոտ 1000 քուրդ գրոհային, սպանվել է 270 զինվորական և ոստիկան: Քուրդ ակտիվիստները պնդում են, որ զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Թուրքիայի արևելյան առավելապես քրդաբնակ շրջանների մոտ 200 հազար բնակիչ հեռացել է տներից վերջին ամիսներին թուրքական բանակի և քուրդ զինյալների միջև բախումների հետևանքով: Ինտենսիվ մարտեր են ընթանում Դիարբեքիրում: Ամբողջ քաղաքով մեկ լսվում են տանկերի համազարկեր: Մշտապես պտտվում են ոստիկանական ուղղաթիռները: Վերջին ամիսներին Սուրը վերածվել է ՔԱԿ գրոհայինների և թուրքական բանակի դիմակայության վայրի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---