«Կպել ես՝ խաղա». Արոնյանը հաղթեց Նակամուրային ու դուրս եկավ 1-ին հորիզոնական Հավակնորդների մրցաշարում (վիդեո)

«Կպել ես՝ խաղա». Արոնյանը հաղթեց Նակամուրային ու դուրս եկավ 1-ին հորիզոնական   Հավակնորդների մրցաշարում

PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ժամեր ձգված պարտիայում հաղթել է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հերթական տուրում:

Հավակնորդների մրցաշարն անցկացվում է 14 տուրով, կունենա 4 հանգստյան օր և եզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին:

Մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանը մրցում էր ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ: Տուրի ամենաերկար պարտիան հենց Արոնյան-Նակամուրա մրցախաղն էր, որտեղ Արոնյանը սպիտակներով հաղթել է մրցակցին:

Պարտիայի եզրափակիչ փուլում դրամատիկ իրադարձություններ տեղի ունեցան: Կուլմինացիայից առաջ դասավորությունը ոչ ոքի արդյունք էր հուշում, թեև սպիտակներով խաղացող մասնակիցը հաղթելու բավականին լավ շանս ուներ, գրում է Chess-news.ru-ն:

Մինչ այդ իրավիճակի առաջացումը, սպասողական խաղ էր ընթանում, որտեղ Նակամուրան մի քանի անգամ խաղաց արքայով: Իներցիայով նա կրկին դիպավ թագավորին և միայն բռնելով խաղաքարը հասկացավ, թե ինչ հիմարություն արեց: Ըստ կանոնների նա պարտավոր էր քայլ կատարել այն ֆիգուրով, որին դիպել էր և 74...Kf8? քայլը նպաստեց նրան, որ սպիտակներով խաղացող մասնակիցը հեշտությամբ հաղթանակ տարավ: Դրվագը կարելի է տեսնել ստորև բերված տեսանյությում:

Այժմ Արոնյանը 4 միավորով առաջատարներից մեկն է: Նույնքան միավոր ունի նաև Սերգեյ Կարյակինը:

Մարտի 18-ին հավակնորդների մրցաշարում կլինի հանգստի օր: Իսկ մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի հենց Սերգեյ Կարյակինը:

2013-ին Արոնյանը ձախողել էր Հավակնորդների մրցաշարը Լոնդոնում: Նա կիսել էր 6-7-րդ հորիզոնականները ռուսաստանցի Պետեր Սվիդլերի հետ: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Անանդը, ով հետագայում պարտվել էր Կարլսենին չեմպիոնական մրցամարտում: Անհաջող ելույթի կապակցությամբ Արոնյանն ասել էր. «Սա իմ չորրորդ հավակնորդների մրցաշարն է: Կփորձեմ պարզել ձախողման պատճառները»:

Լևոն Արոնյանը հայ ուժեղագույն շախմատիստ է, 2005-ի շախմատի աշխարհի առաջնության գավաթակիր, Շախմատային երեք օլիմպիադաների (2006, 2008, 2012), Լինարեսի (2006) և Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարերի (2007, 2008, 2012 և 2014), ՖԻԴԵ 2008/2009 Գրան պրիի, Բիլբաոյի Մեծ սաղավարտի (2009, 2013), «Ամբերի» (2008, 2009, 2011), 2009-ի արագ շախմատի աշխարհի մրցաշարի հաղթող է, Ֆիշերի շախմատի աշխարհի մրցաշարի երկակի չեմպիոն է (2008, 2009), բլիցի աշխարհի չեմպիոն (2010)։ ՀՀ կազմում Շախմատի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող 2011-ին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---