Դինքի սպանությունից առաջ հրահանգված էր ապահովել «Ակոս»-ի ներկայացուցիչների անվտանգությունը

Դինքի սպանությունից առաջ  հրահանգված էր  ապահովել  «Ակոս»-ի ներկայացուցիչների անվտանգությունը

PanARMENIAN.Net - Պոլսահայ անվանի գործիչ, «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության առթիվ թուրք պետպաշտոնյաների դեմ հարուցված քրգործի շրջանակում հերթական նոր փաստեր են ի հայտ եկել:

«Ակոս»-ի թղթակից Ույգար Գյուլթեքինի հոդվածի համաձայն՝ Դինքի սպանությունից ընդամենը 3 ամիս առաջ Ստամբուլի բոլոր անվտանգության միավորներին գրավոր հրանհանգ է ուղարկվել, որով նախատեսվում էր նաև «Ակոս»-ի ներկայացուցիչների անվտանգության ապահովումը: 2006-ի հոկտեմբեր 12-ով թվագրված նշյալ գրությունում մասնավորապես ասված էր.

«Թուրքիայի հայերի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի կողմից 2006-ի հոկտեմբերի 11-ին նահանգապետարանին է ուղղվել մի գրություն, որով պահանջվում է ապահովել Թուրքիայի հայ համայնքի բոլոր դպրոցների, հիվանդանոցների, եկեղեցիների և մնացած բոլոր կառույցների անվտանգությունը՝ հաշվի առնելով առկա բավական լարված սոցիալ -քաղաքական իրադրությունը:

Նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ 2006-ի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանը ընդունեց «այսպես կոչված» Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենք՝ խնդրում եմ վերանայել և խստացնել ավելի վաղ սահմանված անվտանգության միջոցառումները հայ քաղաքացիներին պատկանող բոլոր այն վայրերում, որոնց անունները և հասցեները նշված են կից ցուցակում, զգուշացնել բոլոր պատասխանատուներին, որպեսզի աչալուրջ լինեն, բոլոր զարգացումների մասին տեղեկացնել անվտանգության տարածքային վարչությանը և բացառել բոլոր հնարավոր խնդիրների առաջացում», - ասված էր թուրք պաշտոնյաի գրության մեջ:

Գրությունն ուղարկվել է Ստամբուլի հետախուզական վարչություն, ահաբեկչության դեմ պայքարի վարչություն, նահանգապետարան և Ստամբուլի բոլոր շրջանային անվտանգության միավորներին, գրում է Ermenihaber.am-ը:

Նշյալ գրությանը կից ուղարկված դպրոցների, եկեղեցիների, հիվանդանոցներ և այլ հայկական հաստատությունների ցուցակում ներառված է եղել նաև հայկական «Ակոս» թերթը: Չնայած այս ամենին՝ «Ակոս» թերթի համար որևէ անվտանգության միջոցառում չի ձեռնարկվել և գրությունից ընդամենը երեք ամիս անց թերթի գլխավոր խմբագիրը սպանվել է հենց խմբագրատան մուտքի մոտ:

Այս առթիվ կազմված նոր մեղադրականի հիման վրա ապրիլի 19-ին դատարանի առջև կկանգնեն հետախուզական բաժնի պետ ԷՆգին Դինչը, ժամանակի Տրապիզոնի մարզային անվտանգության պետ Ռեշաթ Ալթայը, ժամանակի Ստամբուլի հետախուզական բաժնի պետ Ահմեթ Իլհան Գյուլերը՝ կանխամտածված հանցագործության անտեսման հետևանքով իրականցման մեղադրանքով, և ժամանակի Ստամբուլի մարզային անվտանգության պետ Ջելալէթթին Ջերահն ու Ստամբուլի անվտանգության բաժնի պետ Սաբրի Ուզունը՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով:

Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը դեկտեմբերին ընդունվել է «Պաշտոնատար անձնանց անփութությունը Հրանտ Դինքի սպանության մեջ» գործով մեղադրական եզրակացությունը:

Դատարանի կողմից հարուցված գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 26 պետական ծառայողի, այդ թվում անվտանգության գլխավոր վարչության հետախուզական բաժնի նախկին պետ Ռամազան Աքյուրեքին, Ստամբուլի հետախուզության վարչության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերին և անվտանգության գլխավոր վարչության նախկին հետախուզության նախկին պետ Էնգին Դինչին: Նրանք մեղադրվել են «զինված խումբ ստեղծելու և ղեկավարելու», «զինված ահաբեկչական խմբի անդամ լինելու», «պաշտոնական դիրքը չարաշահելու», «պաշտոնական փաստաթուղթ կեղծելու, ոչնչացնեոլու կամ թաքցնելու», «ծրագրած սպանության», «անփութությամբ սպանությանը նպաստելու դիտավորության» հոդվածների հատկանիշներով:

2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում:

2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը: Դինքի սպանության գործի հետաքննությունը շարունակվում է մինչ օրս` 9 տարի անց:

Լրագրողի սպանության գործով դատարանի առջև կկանգնեն ոստիկանության, հետախուզության և ժանդարմերիայի նախկին պաշտոնյաներ:

Կարդացեք նաև՝ Թուրքիայի հետախուզությունը փորձում էր Դինքին սպանողների անցյալում հայկական ծագում գտնել

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---