8 պրեմիերա՝ մեկ համերգում. Դաշնակահար Հայկ Մելիքյանի ելույթը Երևանում

8 պրեմիերա՝ մեկ համերգում. Դաշնակահար  Հայկ Մելիքյանի   ելույթը   Երևանում

PanARMENIAN.Net - Մարտի 22-ին Կոմիտաս թանգարան-ինստիտուտի համերգասրահը կհյուրընկալի անվանի կատարող, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանին:

Համերգի ընթացքում դաշնակահարը կհնչեցնի ինչպես 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտորների՝ Օլիվիե Մեսիանի, Հեյտոր Վիլա-Լոբոսի, Հենրիկ Գուրեցկու, Լուբոշ Ֆիշերի, այնպես էլ հանրահռչակ ժամանակակից երիտասարդ սերնդի կոմպոզիտորներ՝ Կլաուս Լանգի (Ավստրիա), Բոհդան Սեհինի և Աննա Կորսունի (Ուկրաինա), Էնթոնի Գրինի (ԱՄՆ), Ամիր Թաֆրեշիպուրի (Իրան) ստեղծագործությունները:

Համերգային ծրագիրը ներառում է ութ հայաստանյան և համաշխարհային պրեմիերա:

«20-րդ դարի դասականներից բացի այս անգամ Հայկը ծրագրում կներառի նաև գերժամանակակից ստեղծագործություններ, որոնցում կան կատարողական ոչ ավանդական ձևաչափեր: Հայ ունկնդրի մեծ հետաքրքրությունը ժամանակակից երաժշտության նկատմամբ վկայում է Հայաստանում առհասարակ արդի արվեստի հանդեպ հարգանքի և պահանջարկի մասին»,- նշում է դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Հակոբյանը:

Հայկ Մելիքյանն իր մենահամերգից հետո կմեկնի Կիպրոս՝ թավջութակահար Լևոն Մուրադյանի (Պորտուգալիա) հետ համերգով ելույթ ունենալու Նիկոսիայում՝ մարտի 31-ին: Ծրագրում ընգրկված են ռուս կոմպոզիտորների՝ Ս.Տանեևի, Ս.Ռախմանինովի և Ա.Շնիտկեի ստեղծագործություններ:

Հայկ Մելիքյանը ծնվել է 1980-ին Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը (պրոֆեսոր Ա.Գուրգենովի դասարան), այնուհետև` ստեղծագործական բաժինը (պրոֆեսոր Վարդան Աճեմյանի դասարան): Concerto di Concerti 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնի շրջանակում 2000-ին Հռոմում տեղի է ունեցել նրա միջազգային բեմելը:

Հայ և արտասահմանյան շատ կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողն է, որոնցից շատերը հատուկ գրվել են նրա համար: 2007-ից նրա կատարումները թողարկվել են սոլո ալբոմների ձևաչափով, ինչպես նաև հավաքածուներում: Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների տարբեր երկրներում:

Մելիքյանի նախաձեռնությամբ 2009-ին Երևանում մեկնարկել է «20-րդ դարի և ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտության համերգաշար» նախագիծը:

Մասնակցում է այնպիսի միջազգային փառատոնների, ինչպիսիք են Festival de Valmagne (Ֆրանսիա), Festival de Musique en Côte de Nacre (Ֆրանսիա), Festival O/MODƏRNT (Շվեդիա), Geneva Piano Festival (Շվեյցարիա), Pharos Contemporary Music Festival (Կիպրոս), Warsaw Royal Arcades of Art Festival (Լեհաստան), Nuovi Spazi Musicali Festival (Իտալիա):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---