Նախնական տվյալներ՝ մարտի 21-ի ցուրտ գիշերվա հետևանքների մասին

Նախնական տվյալներ՝ մարտի 21-ի ցուրտ գիշերվա հետևանքների մասին

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախնական տեղեկություններ է հրապարակել մարտի լույս 21-ի գիշերը հանրապետությունում գրանցված բացասական ջերմաստիճանների հետևանքների վերաբերյալ:

Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել բացասական ջերմաստիճաններ: Մարտի 20-ին լեռնային գոտում և նախալեռնային տարածաշրջաններում դիտվել են ձյան տեսքով տեղումներ` որոշ հատվածներում առատ, իսկ ցածրադիր գոտում` հիմնականում անձրևի տեսքով:

ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» տվյալներով` Արմավիրում օդում արձանագրվել է -4, Արտաշատում` -2, Արարատում` 0-ին մոտ, Արենիում` -2, Բագրատաշենում` -2, իսկ հողի մակերևույթին` անհամեմատ ավելի ցածր ջերմաստիճամ:

Արմավիրի մարզի Արմավիրի և Էջմիածնի տարածաշրջաններում, Բաղրամյանի տարածաշրջանի առանձին համայնքներում, Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում ցածր ջերմաստիճանի հետևանքով ավելի արտահայտված վնասվել են ծիրանենու թաց ծաղիկերն ու նոր բացվող բողբոջները:

Արարատի տարածաշրջանում առանձնապես լուրջ վնասներ չեն գրանցվել` բացառությամբ մի քանի համայնքների:

Մեղրու տարածաշրջանը չի տուժել, թույլ վնասներ կան Տավուշի և Լոռու մարզերում: Վայոց ձորի մարզում հիմնականում տուժել է Արենի գյուղը, մասամբ` Ռինդը և մի քանի համայնքներ:

Կոտայքի, Արագածոտնի մարզերի համայնքներում ծիրանենին դեռևս հիմնականում գտնվում է բողբոջի փուլում:

Նշվում է, որ այս պահին դեռևս դժվար է վնասների վերաբերյալ ամբողջական ու ճշգրիտ տեղեկություններ ներկայացնել: Առաջիկա գիշերվա ընթացքում նույնպես կանխատեսվում են ցրտահարություններ, այնուհետև` ջերմաստիճանի զգալի բարձրացում:

Նախարարությունից տեղեկացնում են, որ ցրտահարությունից տուժած ծիրանենու այգիներում ներկայումս մասնագետների կողմից իրականացվում են ուսումնասիրություններ ու դիտարկումներ: Արդյունքների վերաբերյալ մեկշաբաթյա ժամկետում նախարարությունը կներկայացնի համապատասխան տեղեկատվություն:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախնական տեղեկություններ է հրապարակել նաև հանրապետության տարածքում մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարության հետևանքների մասին:

Կարդացեք նաև՝ Գյուղնախարարության խորհուրդը. Այգին պատել ծխածածկույթով՝ ցրտահարության դեմ

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---