Ղրղզստանը դիմել է ՀԱՊԿ-ին Ուզբեկստանի հետ սահմանային վեճը հանգուցալուծելու համար

Ղրղզստանը դիմել է ՀԱՊԿ-ին Ուզբեկստանի հետ սահմանային վեճը հանգուցալուծելու համար

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բիշքեկը դիմել է ՀԱՊԿ-ին հանգուցալուծելու համար վեճը Ուզբեկստանի հետ սահմանին: Այդ մասին հայտարարել է Ղրղզստանի վարչապետ Տեմիր Սարիևը:

Իրավիճակը երկու երկրների սահմանին սրվեց մարտի 18-ին, երբ ուզբեկական կողմը մոտ 40 զինծառայող և զրահատեխնիկա տեղակայեց ղրղզա-ուզբեկական սահմանի վիճելի հատվածում` Ջալալաբադի շրջանի Չալասարտ տարածքում: Ուզբեկները նաև անցակետ են տեղադրել Քերբեն-Ալա Բուկա հատվածում: Ի պատասխան Ղրղզստանը ուժեղացրեց իր ներկայությունը սահմանին:

Ղրղզական կողմը պնդում է, որ Ուզբեկստանը դուրս բերի զրահատեխնիկան և զինծառայողներին վիճելի տարածքից: Ուզբեկստանի պետական սահմանի պաշտպանության կոմիտեն պնդում է, որ «ամբողջ նշված տեխնիկան գտնվում է Ուզբեկստանի տարածքում, իսկ պետական սահմանի հատվածների պաշտպանությունն իրականացվում է ըստ երկկողմ պայմանավորվածությունների, առանց մտնելու չնկարագրված հատվածներ»:

«Մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին և խորհրդակցում ենք կազմակերպության հետ: Չսահմանազատված հատվածները պետք է հաստատվեն ըստ միջազգային չափանիշների, և ոչ ոք չպետք է խախտի այդ պահանջը»,-ասել է Սարիևը: Նա նշել է, որ Ղրղզստանը պատրաստ է երկխոսության հարևան երկրների հետ հավասար պայմաններով: «Մեզանից այսօր պահանջվում է մեկ բան` հավաստի տեղեկատվություն տրամադրել: Սակայն, պետք է հասկանալ, որ պետական հարցերում կան բաներ, որոնց մասին չենք կարող խոսել: Մենք ունենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը խաղաղ ճանապարհով բոլոր սահմանային հարցերը լուծելու համար»,-ասել է նա:

Ղրղզստանի և Ուզբեկստանի պետական սահմանի երկարությունը 1,3 հազար կմ է, գործում է միայն մեկ անցակետ` «Ղըզըլ Կիյ», որը նախատեսված է ուզբեկական Սոխ և Շահիմարդին անկլավների բնակիչների համար: Նախօրեին հաջողվել է մի փոքր նվազեցնել լարվածությունը` նվազեցնելով զինվորականների քանակը երկու կողմից:

ԽՍՀՄ փլուզումից հետո ղրղզա-ուզբեկական պետսահմանի ամբողջ երկարության գրեթե մեկ քառորդը սահմանազատված չէ, ինչը մշտական բախումների պատճառ է հանդիսանում սահմանին: Վերջին 3 տարում տեղի է ունեցել մի քանի տասնյակ սահմանային միջադեպ զենքի կիրառմամբ: Երբ Ղրղզստանը 2015-ին անդամակցեց ԵՏՄ-ին, այդ երկրի պետական սահմանը դարձավ ԵՏՄ հարավային սահման:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---