Քննարկում ԱԺ-ում. Ընտրողների բաց ցուցակների նոր մոդել է մշակվում

Քննարկում ԱԺ-ում. Ընտրողների բաց ցուցակների նոր մոդել է մշակվում

PanARMENIAN.Net - Համամասնական ընտրակարգի մոդելը, որով առաջարկվում է բաց և փակ ցուցակների համադրում, նորամուծություն է և ուղղակիորեն չի բխում Սահմանադրությունից: Այս մասին մարտի 22-ին Ազգային ժողովում Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է օրինագծի համահեղինակներից Դավիթ Հարությունյանը:

Լսումներին մասնակցում ավելի քան 60 հասարակական կազմակերպություն ու 10 արտախորհրդարանական քաղաքական ուժ:

Մարտի 3-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ընտրական օրենսգրքին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ընտրական նոր օրենսգրքի հենքը Սահմանադրական փոփոխություններն են: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով սահմանված ժամկետներին համապատասխան՝ ընտրական օրենսգրքի նախագիծը ԱԺ պետք է ներկայացվեր մարտի 1-ին, սակայն դա չի արվել: Իսկ Կառավարության որոշումից առաջ այն չի ներկայացվել հանրային քննարկմանը:

«Այս մոդելը արդիական մոդել է, տարածված Եվրոպայի մոտ քսան երկրում, կիրառվում է լայնորեն: Իրականում բաց ցուցակները հնարավորություն են ընձեռում ունենալ ներկայացուցիչներ տեղերից: Տարածքային ցուցակների բաց լինելը հնարավորություն է ընձեռում ոչ թե հրամցնել ընտրողին որոշակի սահմանափակ ցուցակ՝ որոշակի հերթականությամբ, այլ իսկապես լսել տարածքներում ընտրողի ձայնը», -ասել է Հարությունյանը, գրում է Panorama.am-ը:

Ինչ վերաբերում է բուն ընտրական գործընթացին, ապա օրինագծի հեղինակի խոսքով, իրենք առաջարկում են ընտրողների գրանցումն իրականացնել էլեկտրոնային համակարգի միջոցով:

Նրա խոսքով, ընտրողների ցուցակը հնարավոր է ընտրություններից երեք օր առաջ ներբեռնել համացանցից, ու այն հասանելի է բոլորին:

Բացի այդ, իրենք առաջարկում են նաև ցուցակները սարքերի մեջ ներբեռնելու գործընթացը հասանելի դարձնել ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերին:

«Ընտրություններից հետո ամբողջ մասնակիցների ցանկը՝ էլեկտրոնային ստորագրված ցուցակները, կհամեմատվեն միմյանց հետ ծրագրի միջոցով ոչ թե կհրապարակվեն, բայց կլինի ծրագիր, որը կհամեմատի այդ ցուցակները պոստ ֆակտում: Դա հնարավորություն կտա համոզվելու՝ արդյոք անձինք մի քանի տեղ մասնակցել են ընտրություններին, թե՞ ոչ, արդյոք նույն անձը հայտնվե՞լ է տարբեր ցուցակներում, թե՞ ոչ», պարզաբանել է Հարությունյանը՝ ընդգծելով, որ այս առաջարկներն առայժմ ընդգրկված չեն նախագծում, բայց շուտով կներառվեն:

Խորհրդարանական լսումների ժամանակ նախագծի հիմնական զեկուցողինԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցրել է, թե ինչու չեն ցանկանում հրապարակել ստորագրված ցուցակները, մանավանդ, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիոն համագործակցության անդամ Դաշնակցությունը նույնպես կողմ է ընտրության մասնակցած անձանց ցուցակների հրապարկմանը, գրում է Tert.am-ը:

«Դուք ասացիք, որ ընտրությունից իքս ժամանակ անց հնարավորություն կլինի համեմատել նախապես հրապարակված և ընտրության մասնակցած անձանց ցուցակները: Իքս ժամանակը որքա՞ն է լինելու, և արդյոք ցուցակների համեմատման գործընթացին կարող են մասնակցել կուսակցությունները, իսկ եթե երկար է տևելու, արդյոք դա չի նշանակում, որ ձեր հիմնական մտահոգությունը ՝ գաղտնիության պահպանումը, փարատվում է: Ըստ էության բոլոր քաղաքական ուժերը, ներառյալ ձեր կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը, կողմ է ընտրության մասնակցած անձանց ցուցակների հրապարակմանը»,- ասել է Զոհրաբյանը:

Հարությունյանը պատասխանելով պատգամավորին՝ նշել է, որ ցուցակների համեմատման ժամանակը դեռևս հստակ չէ և քննարկվում է: Նա նաև ասել է, որ ցուցակների համեմատման գործընթացում կուսակցության ներկայացուցիչներ չեն լինի: «Ինչ է կուսակցություններն ընկնելո՞ւ են 2 միլիոնանոց ցուցակի վրա և փորձե՞ն համադրել, իհարկե՝ ոչ: Դրա համար ասացի, որ էլեկտրոնային սարքեր են: Օրինակ, ես պատկերացնում եմ, որ կմշակվի ծրագիր, որի կոդը բաց կլինի և քաղաքական ուժերի վստահված ծրագրավորողները կծանոթանան: Չի հրապարակում , այլ համեմատում է»,- պատասխանել է նա:

Կարդացեք նար՝ Նոր ԸՕ-ն. Գունավոր քվեաթերթիկներ, ԱԺ ընտրությունների 2-րդ փուլ և մինչև 3 ուժից կազմված կոալիցիա

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---