Ուզբեկստանում ծայրահեղականության համար դատապարտված հայի բողոքը՝ Վերաքննիչ դատարանում

Ուզբեկստանում ծայրահեղականության համար դատապարտված հայի բողոքը՝ Վերաքննիչ դատարանում

PanARMENIAN.Net - Ուզբեկստանի Վերաքննիչ դատարանում մարտի 22-ին նշանակված է հայազգի 34-ամյա Արամայիս Ավագյանի բողոքի քննությունը: Առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել էր 7 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով իսլամական ծայրահեղականության և մի շարք այլ հանցագործությունների մեջ:

Մեղադրողը պահանջել էր 18 տարվա ազատազրկում: Արամայիս Ավագյանը պահանջում է արդարացման դատավճիռ:

Անգամ խոշտանգումներից հետո Ավագյանը դարձյալ հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Դատավարության ժամանակ վկաներն ու ամբաստանյալները պատմել են, որ Ավագյանի դեմ ցուցմունքներ են տվել՝ գտնվելով ճնշումների ներքո:

Դատավճռի մեղադրական երկար շարադրանքին ապացույցներ կցելու համար նախատեսված հատվածում կան ձևակեպումներ, թե, իբր, 2015-ի սեպտեմբերի 4-ին ձերբակալված Արամայիս Ավագյանը «ջիհադիստական գործունեության նվիրյալ է», առնչություն ունի «Իսլամական պետության» հետ, իբրև ապացույց, նշվում է, թե սեպտեմբերի 28-ին նրա բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է «Ես կարդում եմ նամազ» վերնագրով գիրքը, ինչպես նաև 15 ձայնասկավառակ և տեսասկավառակ:

Դատավճռում նշված չէ, թե մասնավորապես ինչ նյութեր են պարունակում այդ սկավառակները: Նշված չեն նաև ծանր հանցագործությունների մեջ ներգրավված լինելը հիմնավորող փորձաքննության արդյունքները, թեև կա հիշատակում, որ այդ նյութերը ներկայացվել են փորձաքննության, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ի դեպ, Վերաքննիչ դատարանի քննությանն արժանացած դատավճռում կա քրիստոնյա Արամայիս Ավագյանի կնոջ՝ ազգությամբ ուզբեկ, դատարանում որպես վկա մանրամասներ ներկայացրած Շիրին Տուրսունովայի ցուցմունքից մեկ հատված, ըստ որի, 5-6 տեսասկավառակ «բերել է Ավագյանը, որպեսզի դիտի 4 տարեկան դուստրը, դրանցում եղել են մուլտֆիլմեր, տանը չեն եղել արգելված և կրոնական տեսասկավառակներ...»:

Որպես ծայրահեղականության մեջ ներգրավված լինելու ապացույց, քննիչները գործին կցել են նաև մի լուսանկար, որտեղ Արամայիս Ավագյանն ու նրա գերդաստանի մյուս տղամարդիկ պատկերված են եղել մորուքով: Լուսանկարն, ըստ Ավագյանի, արվել է իր մահացած եղբոր և պապիկի քառասունքի օրը․ սափրված չլինելն էլ պայմանավորված է եղել հենց այդ հանգամանքով:

Դատավճռում նշված է, որ Ավագյանը չի ընդունել մեղադրանքը, իսկ իր դեմ մեղադրական ցուցմունքներ ներկայացրած հարևանի՝ Ռուսաստանում տևական ժամանակ ապրած Ֆուկաջոն Ջուրաևը Ռուսաստանում դատապարտվել է ազատազրկման՝ թմրամիջոցների գործով: Նա ցուցմունք է տվել, թե բանտում հանդիպել է իմամի, որն իրեն կոչ է արել նամազ անել, ընդգրկվել ծայրահեղական խմբավորման մեջ, և ահա վերջինս, վերադառնալով Ուզբեկստան, ըստ մեղադրանքի, հավաքել է խումբ, որի կազմում, իբր, եղել է նաև Արամայիս Ավագյանը: Դատավճռում նշված չէ, թե կոնկրետ ինչ շաժառիթով, ում հետ, ինչ միջոցներով են Ավագյանը և գործով դատապարտված մյուս ամբաստանյալները փորձել կատարել հանցագործություններ։ Մեղադրանքը չի պարունակում տեղի ունեցած որևէ կոնկրետ գործողություն կամ դրանք ծրագրելու վերաբերյալ տվյալ, ցուցմուք, փաստ:

Ավագյանի հարազատների պնդմամբ, գործարարի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է նրա բիզնեսը խլելու՝ համայնքապետ Գաֆուր Կարշիբաևի անհաջող փորձերից հետո: Ըստ պնդումների, վերջինս հայ գործարարին ասել է՝ «բանտ կգնաս»:

AsiaTerra կայքում հրապարակվել է հոդված՝ Ավագյանի գործի վերաբերյալ։ Հեղինակը նկատում է, որ Ուզբեկստանում մեծ աղմուկի առիթ հանդիսացած քրեական գործն առանձնանում է «ապացույցների իսպառ բացակայությամբ»։ Հոդվածի հեղինակը նաև նկատում է. - «Այն մասին, որ Ավագյանը քրիստոնյա է և չի կարող լինել իսլամիստ ծայրահեղական, դատավճռում անգամ չի հիշատակվում»:

Այս գործի հետ կապված, իր ուզբեկ պաշտոնակցին էր դիմել Հայաստանի այժմ արդեն նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, իսկ քիչ ավելի ուշ Հայաստանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը գրություն էր ուղարկել Ուզբեկստանի խորհրդարանի պետաիրավական հարցերով հանձնաժողովին: Ուզբեկստանի օմբուդսմեն Ուլուկբեկ Մուհամադիևի ավագ օգնականը փետրվարի 2-ին տեղեկացրել է, որ օմբուդսմենն այժմ սպասում է գլխավոր դատախազության գրավոր պատասխանին՝ կապված Ավագյանի գործով ճնշումների և խոշտանգումների հետ:

Կարդացեք նաև՝ Ոչ թե 14, այլ 7 տարվա ազատազրկում՝ Ուզբեկստանում ծայրահեղականության մեջ մեղադրվող հային

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---