«Զվարթնոց»-ի համահեղինակը «կլոր» շենքի պահպանման նախագիծ ունի. Մոտ $20 մլն կարժենա

«Զվարթնոց»-ի համահեղինակը «կլոր» շենքի պահպանման նախագիծ ունի. Մոտ $20   մլն կարժենա

PanARMENIAN.Net - Հանրային խորհրդում մարտի 22-ին տեղի է ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի՝ օդանավակայանների միջազգային պահանջներին համապատասխանեցման առաջարկների քննարկումը, որի ընթացքում շենքի ճարտարապետներից Արթուր Թարխանյանի դուստրը՝ Անահիտ Թարխանյանն ու շենքի ճարտարապետներից Ժորժ Շեխլյանը ներկայացրել են իրենց առաջարկները:

Երևանի քաղաքապետարանը 2015-ի դեկտեմբերին ապամոնտաժման թույլտվություն է տրամադրել «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ին` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար։

Օդանավակայանի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը հունվարի 13-ին հայտարարել է, որ «Զվարթնոց»-ի կլոր մասնաշենքի ապամոնտաժման թույլտվություն տրամադրելը հնարավոր է միայն կոռուպցիոն շահի առկայության պարագայում:

Ճարտարապետ Շեխլյանը, ով ապրում է արտասահմանում, նշել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոները երբևէ չի լսել իրեն՝ որպես «Զվարթնոց»-ի համահեղինակ ճարտարապետի, և չի քննարկել իր կողմից ներկայացված նախագիծը կլոր մասնաշենքի վերակառուցման և գործարկման վերաբերյալ:

Նրա առաջարկված նախագծով օդանավակայանի այսօրվա գործող շենքը փոքրիկ կամուրջով միանում է կլոր մասնաշենքին, ինչն այն լիարժեք օգտագործելու հնարավորություն է տալիս:

«Իմ նախագծով ստացվում է ինքնաթիռների 15 կայանատեղի, կոնցեսիոների պլանով՝ 10, ինչպես նաև մեծ չափի ինքնաթիռներ չեն կարող վայրէջք կատարել մեր օդանավակայան: Կոնցեսիոներին իր ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է 5000 քառակուսի մետր տարածք, ինձ՝ 300, ինչպես նաև արդեն գոյություն ունեցող 13 հազար 400 քառակուսի մետրը: Եթե կոնցեսիոներին պետք է $101 մլն-ի ներդրում, իմ նախագծի իրականացման դեպքում անհրաժեշտ է մինչև $20 մլն: Եթե իրենց ծրագրի իրականացման համար պետք է 4 տարի, իմ դեպքում մեկ տարին բավարար է»,- պարզաբանել է նա:

Շեխլյանի խոսքով, կոնցեսիոներն իր ծրագիրն իրականացնելու համար կարող է օդանավակայանն ընդլայնել ոչ թե դեպի արևմուտք, այլ դեպի արևելք, որի դեպքում կլոր մասնաշենքն այլևս չի խանգարի նրան, գրում է Tert.am-ը:

Թարխանյանն իր հերթին նշել է, որ ամբողջությամբ ու լիարժեք կարելի է օգտագործել օդանավակայանի հին շենքի ամբողջ տարածքը:

«Այս նախագիծը ժամանակին ներկայացվել է օդանավակայանի սեփականատիրոջը՝ Էռնեկյանի թիմին, սակայն որևէ արձագանք չի եղել, դա 2001-ին էր: Նրանք հայտարարում են, թե «Զվարթնոցի» տարածքները չենք կարող օգտագործել, միջազգային ստանդարտներին չի համապատասխանում: Պետք է ստեղծել մի խումբ՝ տեղացի և դրսի ճարտարապետներից կազմված և փորձենք միասին աշխատել ու նոր լուծումներ տալ մեր օդանավակայնին: Կարծում եմ, որ միտումնավոր մոտեցում է սեփականատիրոջ կողմից, որովհետև ըստ կառավարության հետ կնքած պայմանագրի՝ այն ինչ կկառուցի, իրենն է լինելու, իսկ ինչը կվերանորոգի, կպատկանի ՀՀ-ին: Բնական է, որ իր համար շահավետ է նորը կառուցել»,- ասել է ճարտարապետը:

Նա նշել է, որ սեփականատերը երբեք նման պայմանագրի ներքո գումարային ներդրում չէր անի, դրա համար պետք է այլ ներդրողների ներգրավել:

«Եվ վերջապես օդանավակայանն ունի ռազմավարական նշանակություն, մանավանդ մեզ նման երկրի համար, որը չունի ծով ու մեր կապը դրսի հետ օդանավակայանն է»,- ասել է Թարխանյանը:

Օդանավակայանի «կլոր» մասնաշենքի՝ օդանավակայանների միջազգային պահանջներին համապատասխանեցման առաջարկների քննարկման ժամանակ «Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանն ասել է, որ շենքում ոչ մի քանդման աշխատանք չի կարելի իրականացնել, մինչև չլինի նոր, հանրության և պետության կողմից հաստատված նախագիծ, գրում է Panorama.am-ը:

Նրա խոսքով՝ մասնաշենքի վերակառուցման մի քանի տարբերակ, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին, կարող են լինել նաև այլ տարբերակներ, սակայն ամեն ինչ պետք է որոշվի հանրության և պետության համաձայնությամբ:

«Պետք է մշակել, գտնել նախագծային լուծումներ, որոնք ընդունելի կլինեն հանրության և պետության կողմից շահագործման համար»,- նկատել է Ազիզյանը:

1974թ․ կառուցված «Զվարթնոց» օդանավակայանը հայ ժողովրդի կողմից ճանաչված է որպես Հայաստանի խորհրդանիշ, իսկ միջազգային հանրության կողմից գնահատված է որպես խորհրդային մոդեռնիզմի եզակի նմուշ։ 2012թ․ դեկտեմբերին Վիեննայի 19-րդ Ճարտարապետական կոնգրեսի շրջանակում ընդունվել էր բանաձև, որով կոչ էր արվել ՀՀ կառավարությանը` պահպանել, առանց ձևափոխությունների վերականգնել ևպատմական հուշարձանների շարքում ընդգրկել խորհրդային մոդեռնիզմի նմուշները, այդ թվում` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր ուղևորային համալիրը։

Ի պատասխան այս բանաձևի` ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը 2013թ. հունվարի 15-ին նամակ էր հղել Վիեննայի ճարտարապետական կենտրոնի ղեկավար Դիտմար Շտեյներին, որով հավաստիացրել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքը գտնվում է պետության և ղեկավարության ուշադրության ու հոգածության ներքո:

2013թ․ նոյեմբերի 11-ին ՀՀ Նախագահին կից Հանրային խորհուրդը մերժել էր «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային հին համալիրի (կլոր շենք) քանդման վերաբերյալ «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի առաջարկը և այդ շինության պահպանման խնդրանքով դիմել էր ՀՀ կառավարությանը։ Իսկ 2015թ․ հոկտեմբերի 15-ին, ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ քաղաքաշինության նախարարության աջակցությամբ, Ճարտարապետների համահայկական 3-րդ համաժողովը կոչով դիմել էր ՀՀ իշխանություններին` ճանաչել այդ շինության արժեքը և ապահովել դրա պահպանումը ապագա սերունդների համար:

1961-ին բացված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մոդեռնիստական ոճի հին շենքը շահագործման էր հանձնվել 1980-ին ճարտարապետներ` Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի, Լևոն Չերքեզյանի, Ժ. Շեխլյանի և կոնստրուկտոր` Ս. Բաղդասարյանի նախագծով և համարվում էր ԽՍՀՄ մոդեռնիստական ճարտարապետության նմուշներից մեկը:

Կարդացեք նաև՝ Պարզաբանում. Զվարթնոցի «կլոր շենքի» ապամոնտաժման թույլտվությունն իրավական պահանջներին համապատասխան է

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---