«Բրիջիտ Բարդո» հիմնադրամը կաջակցի Գյումրիի կենդանաբանական այգու արջերի տեղափոխմանը Ռումինիա

«Բրիջիտ Բարդո» հիմնադրամը  կաջակցի  Գյումրիի կենդանաբանական այգու արջերի տեղափոխմանը  Ռումինիա

PanARMENIAN.Net - Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ «Բրիջիտ Բարդո» հիմնադրամի և ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ, մարտի 23-ին կիրականացնի Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգուց Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված երկու արջի տեղափոխումը Ռումինիայում գտնվող «Լիբեարտի» արջերի մասնագիտացված ապաստարան: Այս մասին լրագրողներին հայտարարվել է մարտի 22-ին:

Կենդանիների տեղափոխման համար անհրաժեշտ բնապահպանական և կենդանաբուժական թույլտվությունները երկուստեք ստացված են, բազմակողմ պայմանագրերը՝ ստորագրված, իսկ տեղափոխման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները՝ պատրաստ։

Ռումինիայում գտնվող «Լիբեարտի» արջերի մասնագիտացված ապաստարանը միջազգային չափանիշներին համապատասխանող, մի քանի հեկտար տարածությամբ փակ գոտի է՝ նախատեսված առողջական ու հոգեբանական խնդիրներ ունեցող արջերի կացության համար։

«Մի քանի ժամից Մաշա և Միշա արջերը կլքեն իրենց ճաղավանդակները և կհայտնվեն վայրի բնության գրկում։ Սա հնարավորություն ու հույս է բոլոր վայրի կենդանիների համար, որոնք անարդարացիորեն հայտնվել են ճաղավանդակների ներսում՝ անազատության մեջ։ Մեր հիմնադրամները, ստանալով բնապահպանության նախարարության աջակցությունը, գործակցել և հասել են այն մեծ արդյունքին, որն ունենք այժմ։ Հայաստանն այժմ վառ օրինակ է մի առաջադեմ երկրի, որը հարգանքով է վերաբերվում կենդանիներին», - ասել է հիմնադրամի հիմնադիր, աշխարհահռչակ ֆրանսիացի դերասանուհի Բրիջիտ Բարդոն։

Ապագայում հիմնադրամի և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի միջև գործակցությունը կրելու է շարունակական բնույթ։

Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգուց Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված երկու արջը վերականգնողական կարանտինի ընթացքում ստացել են բոլոր անհրաժեշտ բուժումները, պատվաստվել են կատաղության դեմ, կենդանիների մազածածկը բարելավվել է, և դիտվում է քաշի ակնհայտ ավելացում: Ի տարբերություն առաջին օրերի, արջերն այլևս չեն կռվում միմյանց հետ սննդի և ջրի համար, գրում է «Ա1+»-ը:

Երկու արջի սննդի, խնամքի և տեղափոխման ծախսերը դեռևս 2015-ի նոյեմբերից ստանձնել էր ֆրանսիական «Բրիջիտ Բարդո» հիմնադրամը։ Հիմնադրամի ներկայացուցիչները նաև այցելել են Հայաստան՝ ուղեկցելու արջերին իրենց նոր մշտական կացության վայր:

Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգում պահվող երկու արջի և երեք առյուծի կացության վատ պայմանների հանդեպ ուշադրությունը սևեռվել է բրիտանական The Daily Mail թերթում «Աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգին» անվանումը կրող հրապարակումից հետո: Այգում պահվող երեք առյուծը Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ տեղափոխվել են Ուրցաձորում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան։

FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանի խոսքով, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում 2016-ի ընթացքում կբացվի Վայրի բնության փրկարար կենտրոնը։ Կենտրոնի առաքելությունը կլինի Երևանում և ՀՀ մարզերում վայրի կենդանիների մասնակցությամբ միջադեպերի կանոնակարգված մասնագիտական կառավարումը, որը կիրականացնեն Կենտրոնի փորձագիտական խմբի մասնագետները։ Կենտրոնի մասնագետները զննության կենթարկեն մարդկային գործունեության հետևանքով վայրի բնության մեջ կամ քաղաքային միջավայրում խոցելի իրավիճակում հայտնված կամ վտանգ ներկայացնող կենդանիներին՝ տրամադրելով համապատասխան բուժօգնություն և խնամք, ետ վերադարձնելով վայրի բնություն։ Կենտրոնը կիրականացնի նաև թիրախային տարբեր խմբերի ուղղված տեղեկատվական և կրթական արշավներ՝ ընդդեմ վայրի կենդանիների ապօրինի շահագործման և դրա հետևանքների:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---