ԱՄՆ-ում ձերբակալվել է թուրք նախարարներին կաշառող գործարարը. Էրդողանին նոր սկանդալ է սպառնում

ԱՄՆ-ում ձերբակալվել է թուրք նախարարներին կաշառող գործարարը. Էրդողանին նոր սկանդալ է սպառնում

PanARMENIAN.Net - Մայամիում ձերբակալվել է թուրք գործարար Ռեզա Զարաբը, որն առնչություն ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան հետ կապվող կոռուպցիոն սկանդալի հետ: Թուրք գործարարը մեղադրվում է միլիոնավոր դոլարների լվացման մեջ, հայտնում է The Independent-ը:

Ռեզա Զարաբը, որը հայտնի է նաև որպես Ռիզա Սարաֆ, 2013-ին մեղադրվել է իշխող կուսակցությունից բարձրաստիճան նախարարներին կանխիկ գումարով և շռայլ նվերներով կաշառելու մեջ:

Մարտի 19-ին Զարաբը հրապարակավ ձերբակալվել է Ֆլորիդայում, երբ ԱՄՆ դատախազությունը նրան խարդախության, փողերը լվալու և պատժամիջոցները խախտելու մեղադրանք ներկայացրեց: ՀԴԲ փոխտնօրեն Ռոդրիգեսի խոսքերով, օլիգարխն այդպիսի գործողություններ է իրականացրել 5 տարի շարունակ` 2010-2015թ.:

Օլիգարխի ձերբակալությունը կարող է վնասել Թուրքիայի իշխող կուսակցության հեղինակությանը և նախագահ էրդողանին, ինչը բացասաբար կանդրադառնա նաև առանց այդ էլ լարված Թուրքիայի և ԱՄՆ հարաբերությունների վրա:

Թուրքիայի և Իրանի քաղաքացիությամբ 33-ամյա գործարարը համախոհների հետ Իրանի կառավարությանը դրամական միջոցների փոխանցման ապօրինի սխեմաներ էր մշակել, որոնք շրջանցում էին ԱՄՆ պատժամիջոցները: Զարաբը նաև «Մեծ կաշառքի» գործով գլխավոր կասկածյալներից մեկն է, որով անցնում էին նաև Թուրքիայի կառավարության 3 նախարարի որդիները: Կասկածյալների ձերբակալությունները տեղի ունեցան 2013-ի դեկտեմբերի 17-ին: Ենթադրվում է, որ նրանք մոտ 70 մլն դոլարի կաշառք են տվել թուրք նախարարներին և այլ պաշտոնյաներին, որպեսզի վերջիններս թաքցնեն ոսկու արտահանման իրական ծավալները և նպաստեն փողերի լվացման ապօրինի գործարքներին: 2014-ին Ստամբուլի դատարանն արդարացրեց նախարարներին, սակայն Ռեզա Զարաբի դեմ մեղադրանքը չի հանվել:

Ընդհանուր առմամբ Զարաբին 75 տարվա ազատազրկում է սպառնում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---