Սևանում ձուկ աճեցնել պատրաստվող ընկերությունը հարկային արտոնություն է ստացել

Սևանում ձուկ աճեցնել պատրաստվող ընկերությունը  հարկային արտոնություն է ստացել

PanARMENIAN.Net - ՀՀ գործադիրի որոշմամբ՝ «Սևան Ակվա» ՓԲԸ կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից:

«Սևան Ակվա» ընկերությունը պատրաստվում է Սևան լճում տեղադրվելիք ցանցերի մեջ ձուկ աճեցնել: Ընկերությունը ավելի քան 1 միլիարդ դրամի ապրանքներ է ներկրելու:

Արտոնություն տրամադրելու գործադիրի որոշման նախագծում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նախնական արժեքները:

Նշվում է, որ «Սևան Ակվա» ՓԲԸ-ն հանդիսանում է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով նախատեսված օղակներից մեկը, որն իրականացնում է ապրանքային ձկան աճեցում Սևանա լճում տեղակայվող տնտեսություններում: Համալիր ծրագրի համաձայն ընկերությունը մանրաձուկը ձեռք է բերում ծրագրի շրջանակում ստեղծված «Սևանի իշխան» ՓԲԸ մանրաձկան գործարանից, իսկ ապրանքային ձուկն ամբողջությամբ վաճառվում է «Սևանի իշխան» ՓԲԸ-ին, որն էլ վերամշակման գործարանի միջոցով այն վերամշակում է և իրականացնում է վաճառքն ու արտահանումը:

2016-ին Սևանա լճում կտեղակայվի մեկ ձկնաբուծական տնտեսություն, որը բաղկացած կլինի 12 ցանցավանդակնից:

Ձկները կկերակրվեն եվրոպական արտադրության բարձրորակ ձկան կերով: Ընդհանուր առմամբ Սևանա լճում տեղակայված մեկ ձկնաբուծական տնտեսությունը նախատեսում է իր արտադրական հզորություններին հասնել 3 տարվա ընթացքում, որի արդյունքում կարող է արտադրել տարեկան մոտ 685 տոննա ձկնամթերք, որի հասույթը կկազմի մոտ 2 մլրդ 400 մլն. դրամ:

«Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերությունը նախատեսում է հիմնել և Սևանա լճում տեղակայել մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն, որտեղ առաջիկա 10 տարիների ընթացքում կաճեցվեն ձկան Սևանի իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակներ:

Նախագծում ընդգծվում է, թե հաշվի առնելով, որ ներմուծվող տեխնոլոգիաները և սարքավորումները տեղադրվելու են անմիջապես Սևանա լճի մեջ, և դրանք նախատեսված են Սևանի էնդեմիկ ձկնատեսակների աճեցման համար, հետևաբար անհրաժեշտ է որպեսզի այդ տեխնոլոգիաները և սարքավորումները լինեն էկոլոգիապես մաքուր նյութերից պատրաստված:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---