2 փետրվարի 2007 - 16:40 AMT
ԵՄ-ն առաջարկում է բանտարկել Աֆրիկայում եւ Բալկաններում տեղի ունեցած ցեղասպանությունների հերքման համար
Եվրամիության քաղաքացիները կարող են երեք տարվա ազատազրկման դատապարտվել Հալոքոստի, ինչպես նաեւ վերջին երկու տասնամյակներում Աֆրիկայում եւ Բալկաններում ռազմական հանցագործությունների եւ ցեղասպանությունների հերքման համար: Այդպիսի օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել այս տարի ԵՄ-ում նախագահող Գերմանիան: Օրինագիծը, միավորված Եվրոպայի կողմից ընդունման դեպքում, ուժի մեջ կմտնի 2007 թվականի գարնանը: Փաստաթղթի տեքստում նշված է, որ ԵՄ յուրաքանչյուր անդամ-պետություն «բոլոր միջոցներին կդիմի մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ցեղասպանության կամ ռազմական հանցագործության հանրային արդարացման կամ հերքման համար պատժելու համար»:

Օրենքը, մասնավորապես, պետք է հարձակումներից պաշտպանի Միջազգային քրեական դատարանին, որը հետաքննում է աֆրիկյան մայրցամաքում հակամարտությունների եւ քաղաքացիական կռիվների ընթացքում կատարված հանցագործությունները, ինչպես նաեւ նախկին Հարավսլավիայի տարածքում 1990-ականների սկսզբում բնակված էթնիկ խմբավորումների ցեղասպանությունների փաստերը:

Իրավապաշտպանները խստորեն դեմ են հանդես եկել Եվրամիության նման նախաձեռնությանը: Նրանց խոսքերով, «հասկանալի չէ` ով է «գրելու» պատմությունը. պատմաբան-մասնագետները թե դատավորները»: Հիշեցնենք, որ 2006 թվականի վերջում Ֆրանսիայի խորհրդարանը օրենք է ընդունել, ըստ որի Թուրքիայի կողմից Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված Հայոց ցեղասպանության հերքման համար խոշոր տուգանք կամ մեկ տարվա ազատազրկում է նախատեսվում:

Բացի այդ, այս կապակցությամբ արժի հիշեցնել նաեւ հայտնի պատմությունը կապված բրիտանացի գրող Դեւիդ Իրվինգի հետ, որին դատապարտեցին Ավստրալիայում Հոլոքոստի հերքման համար: Նրան դատապարտեցին երեք տարվա ազատազրկման, սակայն ավելի ուշ դատարանը կրճատեց բանտարկության ժամկետը մինչեւ մեկ տարի եւ բաց թողեց բրիտանացուն, քանի որ նա արդեն այդքան ժամանակ գտնվում էր բանտում, գրում է Lenta.ru-ն` հղում կատարելով The Daily Telegraphy վրա: