ԱԺ-ում առաջարկվել է վայրի կենդանիներ պահելու համար տուրք սահմանել, վերականգնողական կենտրոններ ստեղծել

ԱԺ-ում առաջարկվել է վայրի կենդանիներ պահելու համար տուրք սահմանել, վերականգնողական կենտրոններ  ստեղծել

PanARMENIAN.Net - Մարտի 25-ին տեղի են ունեցել ՀՀ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումները՝ «Անազատ և կիսազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու օրենսդրական կարգավորումը և առկա թերությունները» թեմայով:

Խորհրդարանական լսումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ԳԱԱ, հասարակական և բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում 2014-ին կատարվել են փոփոխություններ, որոնցով սահմանվել են անազատ և կիսազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու և օգտագործելու դրույթները:

Սակայն օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է քննարկել պատկան մարմինների հետ և կատարել օրենսդրական փոփոխություններ:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է, որ նախարարությունը պատրաստ է քննարկել վայրի կենդանիներ ներկրելուն և անազատ կամ կիսազատ պայմաններում պահելուն առնչվող խնդիրները՝ հաշվի առնելով կառուցողական առաջարկությունները:

Նախարարի խոսքով՝ 2,5 ամիս առաջ Բնապահպանության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հանգամանալից ուսումնասիրել է ոլորտի խնդիրները, և շահագրգիռ կողմերի հետ քննարկելուց հետո ՀՀ կառավարությունն Ազգային ժողովին կներկայացնի օրենսդրական մի փաթեթ, որը հնարավորինս կկանոնակարգի ոլորտը:

Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է աշխատանքային խմբի մշակած օրենսդրական փոփոխություննները, անազատ և կիսազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելուն վերաբերող օրենսդրական կարգավորումը և ոլորտում առկա թերությունները: Ըստ Բնապահպանության փոխնախարարի՝ անազատ և կիսազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու համար դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքները բավարարող պայմանները պետք է սահմանի ՀՀ կառավարությունը՝ ելնելով տվյալ կենդանու առանձնահատկություններից:

Այսպիսի մոտեցումը հնարավորություն կտա անազատության պայմաններում վայրի կենդանիներ պահող ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշվետու լինել պետությանը, պատասխանատվություն կրել ներկրած կամ նվիրաբերված կենդանու համար:

Հակոբյանը նշել է, որ անազատ և կիսազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու և օգտագործելու գործունեությունը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված չէ, սակայն կա դրա անհրաժեշտությունը: Առաջարկվում է այս օրենքով սահմանված կարգով նախատեսել պետական տուրքեր վճարելու պարտադիր պայման և գանձված տուրքերից ստացված ֆինանսական միջոցներով ստեղծել նպատակային ֆոնդ, որը կօգտագործվի ազատ և կիսազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների պահպանման, բարեկեցության, սննդի, բուժզննման, պատվաստման, տեղափոխման և այլ ծախսերի համար: Բացի այդ նախարարությունն առաջարկում է ստեղծել վերականգնողական կենտրոններ կենդանիների համար, որտեղ կապաստանեն անբարեկեցիկ պայմաններում ապրող, բուժօգնության և սննդի կարիք ունեցող, ապաստան չունեցող վայրի կենդանիները:

Հակոբյանը ներկայացրել է Բնապահպանության նախարարության առաջարկությունը՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության մեջ համապատասխան արգելող նորմեր և պատասխանատվության միջոցներ նախատեսելու մասին:

Խաչիկ Հակոբյանը պատասխանել է նաև ԱԺ պատգամավորների և բնապահպանների հարցերին:

Այնուհետև պատգամավորները հնչեցրել են իրենց առաջարկությունները: ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Ավետիսյանն առաջարկել է վարչական տույժի ենթարկել վայրի կենդանիների համար համապատասխան պայմաններ չապահովող, կենդանիներին խոշտանգող անձանց:

Հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանն առաջարկել է վայրի կենդանիների ներկրման և նվիրաբերման համար սահմանել թույլտվություն և կնքել պայմանագիր, որով կապահովվի վայրի կենդանիների պահման համապատասխան պայմանների առկայությունը, կավելանա երկկողմանի պատասխանատվությունը գնելու կամ նվիրելու դեպքում:

Բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ դրական են գնահատել փոփոխությունները և ներկայացրել իրենց տեսակետները:

Կարդացեք նաև՝ «Բրիջիտ Բարդո» հիմնադրամը կաջակցի Գյումրիի կենդանաբանական այգու արջերի տեղափոխմանը Ռումինիա

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---