«ՖԱՖ» հիմնադիրները՝ Հայրապետյանին. Հաշտվեք ֆուտբոլիստների հետ կամ հեռացեք

«ՖԱՖ» հիմնադիրները՝ Հայրապետյանին. Հաշտվեք ֆուտբոլիստների հետ կամ հեռացեք

PanARMENIAN.Net - «Առաջին հայկական ճակատ» («ՖԱՖ») ֆան-շարժման մի շարք նախկին անդամներ, այդ թվում՝ շարժման հիմնադիրները, բաց նամակ են հղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին վերջին ժամանակաշրջանում իր արված հայտարարությունների վերաբերյալ:

Հայրապետյանը մարտի 23-ին հայտարարել է, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի որոշ առաջատարներ այլևս չեն հրավիրվելու ազգային ընտրանի: «Յուրա Մովսիսյանին, Ռոբերտ Արզումանյանին ու Գևորգ Կասպարովին հավաքական չհրավիրելն իմ պահանջն է. նրանք այլևս չեն լինելու մեր գլխավոր թիմում: Նշված ֆուտբոլիստների վերջին 2 տարիների ելույթները հավաքականում ձեր աչքի առջև են եղել: Թող մեկն ինձ ասի, որ Մովսիսյանը և Արզումանյանը նվիրված պայքարել ու խաղացել են: Դավաճանությունը միայն խաղը վաճառելը չէ: Դու գալիս ես հավաքական, տեղ ես զբաղեցնում, ասում ես պատրաստ ես, բայց չես խաղում: Լավ, եթե Մովսիսյանի հարցում մենք ենք մեղավոր, բա Մոսկվայի «Սպարտակից» նրան ինչո՞ւ հեռացրին: Բոլորդ տեսել եք, նա ֆուտբո՞լ է խաղացել վերջին 2 տարում, իհարկե ոչ», - ասել է նա:

Նամակում գրված է. «Մենք կանգնած ենք «ՖԱՖ» ֆան ակումբի ստեղծման ակունքներում: Ներկայում, թեև չենք պատկանում որևէ ֆան ակումբի, սակայն, ծանոթանալով Ձեր մամուլի ասուլիսին, ու քանի որ սրտացավ ենք հայկական ֆուտբոլի համար, հարկ համարեցինք մեր մոտեցումները ներկայացնել Ձեր որոշ դիտարկումների վերաբերյալ: Կարծում ենք՝ ՀՀ ֆուտբոլային հանրությունը առնվազն ապշած է Ձեր արտահայտած այն մտքից, թե Հայաստանի հավաքականում տեղի է ունեցել դավաճանություն: Առավել ևս, որ, ինչպես Դուք եք ասում, փաստեր չունեք»:

Նամակի հեղինակները նշում են, որ Ռոբերտ Արզումանյանը, ունենալով առողջական խնդիրներ, միշտ պատրաստակամությամբ ժամանել է հավաքական:

«Յուրա Մովսիսյանը մեզ պարգևել է հաղթանակի բերկրանք իր համառության ու նվիրվածության շնորհիվ, իսկ Գևորգ Կասպարովի անձնուրացության շնորհիվ կերտվել է վերջին տասնամյակի մեր 1-ին հաղթանակը՝ Լեհաստանի հավաքականի նկատմամբ: Առնվազն զարմանալի է Ձեր կողմից առանց փաստերի մեղադրանքը, երբ հակառակն ապացուցող այնքան փաստեր կան… անթույլատրելի ենք համարում նմանատիպ վերաբերմունքը հավաքականի առաջատարների հանդեպ:

Տրամաբանությանը հակասող ևս փաստ է Ձեր այն պնդումը, որ ֆեդերացիայի նախագահը պետք է խառնվի հավաքականի գործերին: Ամբողջ աշխարհում ֆեդերացիայի նախագահը կատարում է մենեջերի աշխատանք՝ տալիս է հանձնարարականներ և պահանջում արդյունքներ, որոնք էլ ներկայացնում է հանրության դատին: Իսկ համապատասխան ոլորտների ղեկավարները իրենք են իրականացնում պահանջվող գործողությունները արդյունքն ապահովելու համար: Թեև, իմանալով Վարուժան Սուքիասյանի նշանակման մասին, ակամա հիշեցինք նախկինում Ձեր արտահայտած կարծիքը նրա մասին, սակայն կարծում ենք, որ այնուամենայնիվ մարզիչը, եթե նշանակվել է, իրավունք ունի ինքնուրույն որոշելու եղած խաղացողների որակները համապատասխանում են պահանջվող մակարդակին, թե ոչ: Իսկ ֆեդերացիայի նախագահն ի պաշտոնե այդպիսի գիտելիքներ չունի»:

«ՖԱՖ»-ի նախկին անդամները նամակում են Հայրապետյանին կոչ են արել մի կողմ դնել անձնական ամբիցիաները: Հիշել, որ 1973-ի ոսկե սերունդը այլևս որևէ հաջողություն չգրանցեց (եթե հաշվի չառնենք 1975-ի գավաթային տարին) նաև այն պատճառով, որ ժամանակի ֆուտբոլային ղեկավարությունը բաժանեց խաղացողներին «մերոնքականի» և «օտարի»:

«Քանի դեռ անկախ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլային սերունդը ի վիճակի է խնդիրներ լուծել, հավաքեք լավագույններին, գտեք հաշտության եզրեր Ռոբերտ Արզումանյանի, Յուրա Մովսիսյանի և Գևորգ Կասպարովի հետ: Հանդես եկեք Ձեր պնդումների հերքմամբ (որոնք ապացուցող փաստեր Ձեր իսկ խոսքերով չունեք) և հնարավորություն տվեք մեր ֆուտբոլիստներին մարզադաշտում ապացուցել իրենց ունակությունները: Հակառակ դեպքում, կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում լավագույն լուծումը կլինի Ձեր հրաժարականը: Իհարկե դժվար է Ձեր իսկ կայացրած կառույցից հեռանալը, սակայն աշխարհում ոչինչ հավերժ չէ: Գուցե մեկ այլ մենեջերի աշխատանքի պարագայում հարթվեն բոլոր խնդիրները և հավաքականը բացահայտի այն ներուժը, որը ինչպես մենք բոլորս տեղյակ ենք, իրականում առկա է»:

Նոյեմբերի 25-ին մի շարք ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ Ռուբեն Հայրապետյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի `Ալբանիայի ընտրանու հետ հանդիպման խաղի ժամանակ որոշ ֆուտբոլիստների կողմից եղել է խաղի դավաճանություն, սակայն չի նշել կասկածվող ֆուտբոլիստների անունները:

Նոյեմբերի 30-ին, Հայաստանի հավաքականի Red Eagles ֆան շարժումի հետ հանդիպմանը, Հայրապետյանն ընդգծել է նաև, թե ինչ է նկատի ունեցել` ասելով դավաճանություն. «Դավաճանություն բառին պետք է խորությամբ նայել: Դա այն է, երբ ֆուտբոլիստը, կրելով ազգային հավաքականի խաղաշապիկը, խաղերին չի նվիրվում, մարզումներին լրջությամբ չի մոտենում»:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Արաս Օզբիլիզը, Ռոբերտ Արզումանյանը, Մարկոս Պիզելլին, Գևորգ Ղազարյանը, Գևորգ Կասպարովը, Կառլեն Մկրտչյանը ու Հրայր Մկոյանը հայկական ֆուտբոլում տեղի ունեցած վերջին իրադարձություններին ու ՀՖՖ նախագահի մամլո ասուլիսին արձագանքող հայտարարությամբ են հանդես եկել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---