ՀՀ ՊՆ. Ադրբեջանը սահմանի ամբողջ երկայնքով կիրառել է ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ

ՀՀ ՊՆ. Ադրբեջանը սահմանի ամբողջ երկայնքով կիրառել է ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը, տարածելով լարվածության մասին կեղծ լուրեր, վերջին օրերին հող էր նախապատրաստում համաքրիստոնեական տոներին իրավիճակի ապակայունացման համար՝ անարգելով միջազգային կազմակերպությունների հորդորները: Այս մասին ասվում է ՀՀ ՊՆ տարածած հայտարարության մեջ:

Վերջին 24 ժամերի ընթացքում Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանագոտու ամբողջ երկայնքով, ինչպես նաև ԼՂՀ ՊԲ պատասխանատվության գոտում ինտենսիվորեն կիրառվել են ինչպես հրաձգային զենքեր, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետեր և ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ: Ադրբեջանի զինված ուժերը չեն խորշում նաև բնակավայրերի և քաղաքացիական անձանց գնդակոծությունից:

Մարտի 25-ի երեկոյան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում իր տան մոտ հրազենային վիրավորում է ստացել ՀՀ քաղաքացի 64-ամյա Նորիկ Ալիխանյանը, մեկ այլ քաղաքացու տնտեսությանը հասցվել է մեծ վնաս: ՀՀ զինված ուժերը և ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները անցել են զինված դիմակայության պայմաններում իրավիճակի կայունացմանն ուղղված և ադրբեջանական կողմի զսպման գործողությունների:

Մարտի 19-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը կոչ է արել հակամարտող կողմերին ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են լարվածության աճի հանգեցնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Սբ Զատկին և Նովրուզ բայրամին ընդառաջ:

Մարտի 24-ին ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց պաշտպանության նախարարությանը, տեղեկություն տարածեցին թե իբր հայերը Նովռուզի նախօրեին և տոնական օրերին խոշոր տրամաչափի գնդացիրներով և ականանետերով զգալիորեն բարձրացրել են լարվածության աստիճանն առաջնագծում և կրակ են բացել սահմանամերձ գյուղերի ու քաղաքացիական անձանց ուղղությամբ:

Ի պատասխան ԼՂՀ ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Ինչպես ցույց է տվել հակամարտության կարգավորման ավելի քան 20-ամյա պատմությունը, ադրբեջանական կողմն է պետական կարևորություն ունեցող տոների, կարևոր հանդիպումների նախօրեին գնում շփման գծում իրավիճակի սրման: Ավելին, նման ապատեղեկատվություններ տարածելով, հակառակորդ կողմը հող է նախապատրաստում իր հետագա սադրանքների համար»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---