Կառավարությունն ու ԻՏՁՄ-ն ինժեներական կրթության ներդրման ծրագիր են մեկնարկում

Կառավարությունն ու ԻՏՁՄ-ն ինժեներական կրթության ներդրման ծրագիր են մեկնարկում

PanARMENIAN.Net - Մարտի 25-ին տեղի ունեցած Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 16-րդ տարեկան համագումարի շրջանակում ԻՏՁՄ-ի և Կառավարության միջև՝ ի դեմս Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, ստորագրվել է գործակցության հուշագիր «ՀՀ համայնքներում և հանրակրթության համակարգում նախնական ինժեներական կրթության ներդրում» ծրագրի շրջանակում գործակցելու մասին:

Ըստ հուշագրի՝ կողմերը ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ ներդրումներ ներգրավելու համար կհամատեղեն ջանքերը: Կողմերը նշել են, որ ինժեներական լաբորատորիաների առկայությունը լուրջ մրցակցային առավելություն է տալիս Հայաստանին միջազգային շուկայում, ինչպես նաև կարող է հանդիսանալ 2019-ին Երևանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային կոնգրեսին (WCIT) Հայաստանի հանրապետությունը՝ որպես տեխնոլոգտական երկիր ներկայացման առանցքային թեմաներից մեկը:

Համագումարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը և գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: ԻՏՁՄ-ի տարեկան համագումարին ներկա էին նաև նաև ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների, կրթական հաստատությունների և պետական գերատեսչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դեսպաններ և այլ հյուրեր:

Խոսելով ՀՀ կրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի մասին, ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը նշել է. «Համոզված եմ, որ դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը պատմական իրադարձություն է, քանի որ այն արդյունքը, որն ակնկալում ենք արձանագրել այս ծրագրի ընթացքում, հսկայական է և աննախադեպ։ Մեր մանուկներին հնարավորություն ենք տալիս բացահայտելու և զարգացնելու իրենց տաղանդը, ստեղծում ենք որակյալ մասնագետների հսկա բանակ, որը պետք է վերականգնի և զարգացնի Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական գերտերություն վարկանիշը, պետք է ապահովի Հայաստանի արդյունաբերական կտրուկ վերելք աշխարհի ամենանորարար և ամենաշահութաբեր ոլորտում, պետք է հեղափոխի կրթական և բիզնես մշակույթը։ Սա ազգային ծրագիր է մեզ համար»:

ՀՀ Վարչապետն իր խոսքում նշել է, որ ՀՀ կառավարությունն էապես կարևորում է ԻՏՁՄ-ի դերը ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման գործում:

«Մենք չենք բավարարվում ոլորտի ներկայիս ձեռքբերումներով և հետևողականորեն շարունակելու ենք խթանել Հայաստանում ՏՏ ոլորտի հետագա զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի ու միջոցառումների իրականացումը: Մենք պատրաստ ենք աջակցելու ոլորտի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր ողջամիտ առաջարկության կյանքի կոչմանը»,- ասել է վարչապետը՝ համագումարի մասնակիցներին մաղթելով բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն իր ելույթում նշել է, որ ինժեներական լաբորատորիների ներդրումը բացի տարեկան երկնիշ աճից, հնարավորություն կտա նաև յուրաքանչյուր տարի 10.000-15.000 նոր աշխատատեղ ստեղծել: Վարդանյանը նաև անդրադարձել է բուհական կրթական համակարգին և առաջարկել, որ ԲՈՒՀ-երը վերածվեն գիտակրթական օջախների եւ զբաղվեն պրակտիկ խնդիրների լուծմամբ, որպեսզի ուսանողները, համալսարաններից դուրս գալուն պես, համալրեն ընկերությունների շարքերը: «Այսօր ՏՏ ոլորտի մի շարք ընկերություններ ունեն կրթական կենտրոններ, որտեղ լուծում են այն բացերը, որոնք առկա են կրթական համակարգում: Ստացվում է երկակի ծախս է կատարվում. մեկ անգամ պետությունն է ծախսում, մյուս անգամ ընկերությունը: Օրինակ, հնարավոր է բանակի եւ տեխնոլոգիական համալսարանների միաձուլումը, երբ ուսանողն առաջին կուրսից սկսած սկսում է լուծել բանակի խնդիրները», ասել է նա:

Համագումարի ընթացքում տեղի է ունենցել նաև ԻՏՁՄ նախագահի և վարչության անդամների հերթական ընտրություն: ԻՏՁՄ նախագահի պաշտոնում վերընտրվել է Ալեքսանդր Եսայանը: Քվեարկության ընթացքում ԻՏՁՄ վարչության անդամներ են ընտրվել «Ինստիգեյթ Դիզայն» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, «ՎՕԼՕ» ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Մոնիտիս» ընկերության տնօրեն Րաֆֆի Քասարջյանը, «Լայմ Տեխ» ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը, «Նեյշնլ Ինսթրումենթս Էյ Էմ» ընկերության տնօրեն Արամ Սալաթյանը, «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, «Մակադամիան ԷյԱր» ընկերության տնօրեն Սոֆի Մեհրաբյանը, «Պրոքսիմուս ԴիԷյ» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը, «Դ-Լինք Ինթերնեյշնլ» ընկերության տնօրեն Արմեն Շահնազարյանը , «Վեբ» ընկերության տնօրեն Ալբերտ Տոնեյանը, «Էս Էֆ Էլ» ընկերության տնօրեն Արսեն Գևորգյանը: «Զանգի Լայվքոմ» ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Վահրամ Մարտիրոսյանի ընտրվել է որպես վերստուգող:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հիմնադրվել է 2000-ին՝ որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն միավորում է ՏՏ ոլորտի ավելի քան 70 ընկերություն և կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված Հայաստանում ՏՀՏ ոլորտի զարգացմանը և բարենպաստ բիզնես միջավայրի բարելավմանը : Դրանք են՝ «ԴիջիԹեք» ցուցահանդես, «ԴիջիԹեք բիզնես ֆորում», ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորում, «Բիզնես Ինովացիոն ֆորում», «ԴիջիՔեմփ» տեխնոլոգիական ճամբար, «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնություն, Հայաստանում Ռոբոտաշինության զարգացման ծրագիր (ԱրմՌոբոտիքս), «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթ և այլն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---