Արոնյան. Ձեռքիցս բաց թողեցի հաղթանակը, ինչպես նախորդ օրերին

Արոնյան. Ձեռքիցս բաց թողեցի հաղթանակը, ինչպես նախորդ օրերին

PanARMENIAN.Net - Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մարտի 27-ին սպիտակ խաղաքարերով ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ Մոսկվայում ընթացող Հավակնորդների մրցաշարում: 7 ժամ ձգված այս պարտիան շարունակեց Արոնյանի անհաջողությունների շարքն այս մրցաշարում և վերջնականապես զրկեց նրան հաղթելու հնարավորությունից: Արոնյանը վաստակել է 6,5 միավոր, հայտնում է «Ռ-սպորտ» գործակալությունը:

8 գրոսմայստերների մասնակցությամբ մրցաշարը, որի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է, անցնում է Մոսկվայում մարտի 11-29-ը: Հաղթողը 2016-ի նոյեմբերին ԱՄՆ-ում կխաղա աշխարհի գործող չեմպիոն Մագնսու Կարլսենի հետ:

«Ես զգալի առավելություն ունեի, ես պետք է ուղղակի նավակը վերադարձնեի c1 և բացարձակ հաղթական դիրքում կլինեի: Չգիտեմ, թե ինչու խաղացի a5` դա շատ անտաղանդ քայլ էր: Ես այսօր բաց թողեցի հաղթանակի հնարավորությունը` ինչպես և մյուս նախորդ օրերին: Մոսկովյան մրցաշարն ինձ մոտ չստացվեց, սա բաց թողած հնարավորությունների մրցաշար է: Դա ինձ շատ է վշտացրել»,-ասել է Արոնյանը:

Գրոսմայստերը չի կարծում, որ սխալ քայլի պատճառը ցայտնոտն էր:

«Ես ևս 2 րոպե ունեի, իսկ դա բավարար էր տարրական գաղափարներ գտնելու համար»,-ասել է նա: Արոնյանի մրցակից Սերգեյ Կարյակինն, իր հերթին, Արոնյանի հետ պարտիան, որը 6 ժամ է տևել, համարել է ամենաբարդը մոսկովյան մրցաշարում:

«Ավելի շուտ, իմ մրցակիցն էր ժամանակ ձգում, պարտիան կարող էր շատ ավելի շուտ ավարտվել, քանի որ նա ցանկացած պահի կարող էր ոչ ոքի խաղալ, սակայն հաղթանակի հնարավորություններ էր որոնում` հուսալով, որ ես ինչ-որ տեղ կսխալվեմ: Բայց ես հստակ էի գործում պաշտպանության մեջ: Պարտիան շատ բարդ էր»,-մեկնաբանել է խաղը Կարյակինը:

Արոնյանի հետ պարտիայից հետո Կարյակինը հավաքել է 7,5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը վերջին տուրից առաջ: Նրա հիմնական մրցակիցը Ֆաբիանո Կարուանան է 7 միավորով: Մարտի 28-ին տեղի կունենա Կարյակին-Կարուանա պարտիան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---