Պայթյուններ Թուրքիայի հարավ-արևելքում. 2 զոհ, 8 վիրավոր

Պայթյուններ Թուրքիայի հարավ-արևելքում. 2 զոհ, 8 վիրավոր

PanARMENIAN.Net - Մարտի 27-ին և 28-ին հերթական պայթյուններն են որոտացել Թուրքիայի հարավ-արևելքում, որոնք, ինչպես նախորդներից շատերը, ուղղված էին զինվորականների դեմ: Այդ մասին հայտնել է Թուրքիայի գլխավոր շտաբը: Մարտի 27-ին պայթյուն է տեղի ունեցել Մարդին գավառի Նուսայբին քաղաքում, որի արդյունքում 2 զինվորական է սպանվել և 5-ը` վիրավորվել, հայտնում է Ռոսբալտը:

«ՔԱԿ անդամների կողմից ինքնաշեն պայթուցիկի կիրառմամբ պայթյուն է իրականացվել շենքում, որտեղ 7 զինվորական է եղել` 2-ը զոհվել է, 5-ը` վիրավորվել»,-ասվում է Թուրքիայի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Մարտի 25-ին Թուրքիայում ոստիկանության բաժանմունքի մոտ ականապատ մեքենա է պայթել` 3 ոստիկան զոհվել է, 22-ը` վիրավորվել: Բացի այդ, մարտի 25-ի վաղ առավոտյան Դիարբեքիրում զինված հարձակում է կատարվել ոստիկանության բաժանմունքի վրա:

Մարտի 28-ին Շանլիուրֆա գավառում 3 զինծառայող է վիրավորվել, հայտնում է Minval.az-ը Anadolu-ի վրա հղումով: Պայթյունը որոտացել է գավառի գլխավոր ավտոճանապարհներից մեկի եզրին, երբ զինվորական մեքենաների շարասյուն էր անցնում:

Ըստ նախնական տվյալների, պայթյունին մեղսակից են Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամները, որը Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է համարվում: Միջադեպից հետո թուրք զինվորականները գործողություն են իրականացնում ՔԱԿ անդամների դեմ:

Ըստ Թուրքիայի գլխավոր շտաբի տվյալների, դեկտեմբերի կեսից ոչնչացվել է ավելի քան 1000 քուրդ գրոհային, սպանվել է մոտ 300 զինվորական և ոստիկան: Քրդերը պնդում են, որ զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Թուրքիայի արևելյան առավելապես քրդաբնակ շրջանների մոտ 200 հազար բնակիչ հեռացել է տներից վերջին ամիսներին թուրքական բանակի և քուրդ զինյալների միջև բախումների հետևանքով: Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարեց, որ նոր հակաահաբեկչական գործողություն է սկսվում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամների դեմ երկրի հարավ-արևելքի 3 շրջանում:

Ընթերցեք նաև. Թուրքիայում ոստիկանության բաժանմունքի մոտ ականապատ մեքենա է պայթել. Կան զոհեր

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---