Սեյսմիկ ծառայություն. Երկրաշարժի ուժից՝ թույլ կամ ուժեղ, էներգիան լիցքաթափվում է

Սեյսմիկ ծառայություն. Երկրաշարժի ուժից՝ թույլ կամ ուժեղ, էներգիան լիցքաթափվում է

PanARMENIAN.Net - Վերջին շրջանում Հյաստանում սեյսմիկ ակտիվություն է նկատվում` երեք օրվա ընթացքում երեք երկրաշարժ գրանցվեց Աշոցքի, Իջևանի և Ստեփանավանի մոտակայքում: Իսկ մարտի սկզբին երկրաշարժեր էին գրանցվել Գավառում։ Այս կապակցությամբ Հրաչյա Պետրոսյանը նշել է, որ դրանք չպետք է խուճապի պատճառ դառնան, հայտնում է Sputnik-ը:

«Անկախ երկրաշարժի ուժից, լինի դա թույլ կամ ուժեղ ցնցում, համարժեք չափով էներգիան լիցքաթափվում է, դեֆորմացիաները թուլանում են: Թեև երկրաշարժ երևույթն, իհարկե մտահոգիչ է, բայց այն ունի իր դրական կողմը. թույլ ցնցումներն ուժեղները պարպելու միջոց են»,- նշեց նա։

Պետրոսյանը պարզաբանել է, որ Հայաստանը երկրաբանական տեսակետից բաժանվում է մի քանի բլոկի, որոնց սահմանները հենց տեկտոնական ակտիվ խզվածքներն են, այսինքն` սեյսմածին խզվածքները:

«Մարտի 4-ին և 5-ին մի քանի թույլ սեյսմիկ ցնցումներ են եղել Գավառի տարածքում և այս վերջին օրերին սեյսմիկ ցնցումներ են գրանցվել Ստեփանավանի, Տաշիրի, Իջևանի շրջաններում, նաև Աշոցքում, սրանք այլ խզվածքների են հարում, որևէ կապ չունեն Գավառի ցնցումների հետ»,- նշել է նա:

Ըստ նրա` մի բան պարզ է, որ հանրապետության կենտրոնական և հյուսիսարևմտյան հատվածում նկատվում է թույլ սեյսմիկության ակտիվացում, որը բավական ժամանակ չկար, երկրակեղևը հանգիստ էր: Դա պարբերական բնույթ է կրում, և ցնցումները սովորական, նորմալ երևույթ են այնպիսի սեյսմիկ տարածքներում, որոնցից մեկը Հայաստանի տարածքն է:

«Մենք տեղում ենք, աշխատում ենք և ունենք շուրջօրյա հերթապահություն, տվյալները ստացվում և մշակվում են»,- հավաստիացրել է Հրաչյա Պետրոսյանը:

Մարտի 26-ին երկրաշարժ է գրանցվել է Հայաստան-Վրաստան սահմանային գոտում, Աշոցք գյուղից 5 կմ հյուսիս-արևելք: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Մարտի 24-ին՝ 07.54-ին ՀՀ-ում գրանցվել է 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Այն զգացվել է Ստեփանավան քաղաքում և մոտակա բնակավայրերում 3-4 բալ ուժգնությամբ:

Մարտի 17-ին ժամը 01.13-ին Ստեփանավան քաղաքում գրանցվել է երկրաշարժ 2.8 մագնիտուդով՝ 3-4 բալ, Ագարակ քաղաքում ՝ 3-4 բալ, Վանաձոր քաղաքում 2-3 բալ և Տաշիր քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ:

Մարտի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 11.03-ից մինչև ժամը 13.24-ը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 0,5-ից 1,4 մագնիտուդ ուժգնությամբ 17 երկրաշարժ է գրանցվել հյուսիսային լայնության 40.30օ և արևելյան երկայնության 44.95օ աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գավառ քաղաքից 16 կմ դեպի հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---