ԶԼՄ-ներ. Էրդողանը Թուրքիան վերածել է «ահաբեկչության ինկուբատորի»

ԶԼՄ-ներ. Էրդողանը Թուրքիան վերածել է «ահաբեկչության ինկուբատորի»

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր պետությունը վերածել է «ահաբեկչության ինկուբատորի», որը ներկայանում է որպես Արևմուտքի միակ գործընկերը: Այդպիսի կարծիք է հայտնել The Washington Free Beacon-ը:

Էրդողանի նպատակը Թուրքիայի իսլամականացումն է և նոր օսմանական իմպերիալիզմի հիմնումը: «Նա «Պակիստան է ստեղծել Միջերկրական ծովում»` ահաբեկչության ինկուբատոր, որը, սակայն, ներկայանում է որպես միակ ընդունելի գործընկեր Արևմուտքի համար, ինչը ողբերգական հետևանքներ կունենա»,-ասվում է հոդվածում:

Պարբերականը կարծում է, որ թուրքական իշխանությունները «միտումնավոր անտեսում են այն փաստը, որ երկիրը թույլ է տվել «Իսլամական պետությանը» զարգանալ ու նորագոյացություններ» առաջացնել տարածաշրջանում:

«Թուրքիան օգնում է ԻՊ-ին, օգուտ քաղելով ահաբեկիչների առաջացրած քաոսից: Թուրքական կառավարությունը վարպետորեն «թոզ է փչում» արևմտյան գործընկերների աչքերին: Ամերիկացի կամ եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումներում Էրդողանը միայն բառացի է սատարում Թուրքիայի և Արևմուտքի գործակցությանն ու ժողովրդավարության կարևորությանը»:

Ըստ պարբերականի, էրդողանը «միանգամայն այլ հայտարարություններ է անում թուրքերի համար: Վերջին տարիներին նա իր թիրախ է հայտարարել «կրոնական սերունդ մեծացնելը», որը հիմա գործուղվում է «Սիրիա և Իրաք»: Պարբերականը նշում է, որ «ահաբեկիչները կանոնավոր կերպով հատում են թուրքական սահմանը` բուժվելու, հանգստանալու ու զվարճանալու նպատակով»:

Հեղինակները վստահ են, որ եթե Թուրքիայի իշխանությունները վերացնեին կամ սահմանափակեին առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը Լիբանանի, Մարոկկոյի, Թունիսի և Հորդանանի հետ, ապա ԻՊ նորակոչիկների թիվը կտրուկ կնվազեր:

The Washington Free Beacon նշում է, որ «ԻՊ հետ նավթի առևտրով զբաղվող մաքսանենգները հենվում են Թուրքիայի վրա պաշտոնական շուկայում «սև ոսկու» վաճառքի հարցում: «Նրանք կաշառք են տալիս և նույնիսկ, հավանաբար, ԱԶԿ ներկայացուցիչներին»,-վստահ է պարբերականը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Անկարան սատարում է «Ջեբհաթ ան Նուսրային»: Փոխանակ պարգևատրելու զինվորներին, որոնք կանգնեցրել էին ծայրահեղականների համար նախատեսված զենքով բեռնատարները, էրդողանը հրամայեց ձերբակալել նրանց»,-մեջբերել է պարբերականը թուրքական հետախուզության տվյալները:

2014-ին, ասվում է հոդվածում, երբ քրդերը մարտեր էին վարում ահաբեկիչների հետ Քոբանիի համար, «Էրդողանը բացեց սահմանը և թույլ տվեց գրոհայիններին թիկունքից հարվածել «փեշմերգա» ջոկատներին: Հենց սկզբից էրդողանը սիրիացի փախստականների հարցը դիտարկում էր ոչ թե որպես հումանիտար ողբերգություն, այլ որպես իր հաղթաթուղթը: Նա սունի փախստականներին թուրքական քաղաքացիություն առաջարկեց, եթե նրանք մեկնեն բնակվելու այն գավառները, որոնք առավելապես ալևիներով են բնակեցված»,-գրում է պարբերականը:

Բացի այդ, Անկարան, այն բանից հետո, երբ շատ երկրներ ճանաչեցին եզդիների ցեղասպանությունը Մերձավոր Արևելքում, «մերժեց իր երկրում ապաստանած եզդիներին սունիներին համազոր օգնություն ցուցաբերելու հարցում»:

Մարտի 20-ից ուժի մեջ է մտել Եվրամիության և Թուրքիայի միջև համաձայնագիրն, ուղղված միգրացիոն ճգնաժամի հանգուցալուծմանը: ԵՄ երկրների առաջնորդները և Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն համաձայնության են եկել փախստականների հարցում:

Ըստ փաստաթղթի, պետք է հետ վերադարձվեն բոլոր ապօրինի ներգաղթյալները, որոնք Թուրքիայի տարածքով Հունաստան են հասնում, փոխարենը Թուրքիայի քաղաքացիների համար կչեղարկվի մուտքի արտոնագրի անհրաժեշտությունը, Թուրքիան 6 մլրդ եվրո կստանա, իսկ ԵՄ-ն կընդունի Թուրքիայից ժամանող սիրիացի փախստականներին:

Ըստ պարբերականի, այդ համաձայնագիրն «Արևմուտքի հանդեպ ճնշման լծակ կդառնա Էրդողանի համար»: Հոդվածում նաև մերջբերվում է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի կարծիքը, ըստ որի, «ահաբեկիչների մեկնումը Եվրոպա թուրքական քաղաքականության մասն է»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---