Փոխվարչապետ. ԵՏՄ անդամակցումից ի վեր ՀՀ-ից արտահանումը նվազել է, բայց ավելի բազմազան է դարձել

Փոխվարչապետ.  ԵՏՄ անդամակցումից  ի վեր ՀՀ-ից արտահանումը նվազել է, բայց  ավելի բազմազան է դարձել

PanARMENIAN.Net - Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը դրական հետևանքներ է ունեցել: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։

«Կոչ եմ անում դրա վերաբերյալ մեր նախարարության կայքում զետեղված նյութին ծանոթանալ։ Այդ նյութում մենք վերլուծել ենք առաջին վեց ամսվա տնտեսական ցուցանիշները, կա կարճ ամփոփում՝ տարվա ցուցանիշներով։ Մանրամասն վերլուծություն կա` մասնավորապես տարանջատելով Ռուսաստանի տնտեսության զարգացումները Եվրասիական տնտեսական միության ընձեռած հնարավորություններից, որովհետև անկախ նրանից՝ ԵՏՄ անդամ է պետությունը, թե ոչ, Ռուսաստանի տնտեսական ազդեցությունը զգալի է շրջապատի բոլոր պետությունների վրա»,- ասել է Գաբրիելյանը:

Տվյալ վերլուծության համաձայն Հայաստանի արտահանումը Ռուսաստան նվազել է, իսկ Բելառուս և Ղազախստան արտահանում գրեթե գոյություն չունի։ Հարցին, թե դա նշանակում է, որ եթե Հայաստանը չանդամակցեր ԵՏՄ-ին, արտահանումը նույն ցուցանիշնե՞րը կունենար, Գաբրիելյանը պատասխանել է․ «Ուզում եմ ասել, որ այն լինելու էր շատ ավելի վատ։ Կոչ եմ անում՝ վերլուծությունը կարդալ», գրում է Tert.am-ը։

Նա նշել է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դրական հետևանքներից մեկն այն է, որ առաջընթաց ապահովվեց գործարարության ոլորտում։

«Մեր գործարարների համար բիզնես գործարարությունը՝ ապրանքների տեղափոխում, նոր մաքսային ռեժիմներ, դարձան հաջողություն։ Արտահանումը թեև նվազել է, բայց ընդհանուր առմամբ ավելի բազմազան է դարձել, ունեցել է ավելի դրական զարգացումներ, քան համանման երկրների զարգացումները։ Էապես կարգավորվել է աշխատուժի ներհոսքը, արտահոսքը, ինչը մեղմել է սոցիալական հետևանքները, որոնք առաջացել են տրանսֆերտների նվազման հետ կապված՝ ՌԴ-ում տեղի ունեցածի պատճառով»,- պարզաբանել է փոխնախարարը:

Նրա խոսքով՝ ԵՏՄ 170 միլիոնանոց շուկային ինտեգրվելու համար Հայաստանը միշտ էլ քայլեր նախաձեռնել է, պարզապես ԵՏՄ անդամակցության արդյունքում մուտքը դյուրացվել է։

ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրն ուժ մեջ է մտել 2014-ին: Հայաստանը միացել է ԵՏՄ-ին 2015-ի հունվարի 1-ից: Միավորման անդամ են նաև Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: Հիմնական նպատակն է մաքսային ծախսերի նվազեցումը, մրցակցութան աճը ԵՏՄ անդամ երկրների շուկաներում, արտադրության աճը: Միության մասնակիցները մտադիր են նաև առնվազն 25%-ով ավելացնել իրենց երկրների ՀՆԱ-ն ինտեգրման հաշվին:

ՀՀ Կառավարությունը մարտի 10-ի նիստում հավանության է արժանացրել ԵՏՄ տարածքից ավտոմեքենաների ներկրումը ԱԱՀ-ով հարկվող գործարք չդիտարկելու նախագիծը:

Կարդացեք նաև՝ Ինչպես ԱԱՀ գանձման փոփոխությունները կազդեն Հայաստանում մեքենաների գների վրա

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---