Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25%-ով

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25%-ով

PanARMENIAN.Net - 2016 թ. մարտի 29-ի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%:

Ինչպես հայտնում են ԿԲ մամլո ծառայությունից, 2016 թ. փետրվարին արձանագրվել է 1.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.1%-ի դիմաց: Արդյունքում, 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և ամսվա վերջին կազմել է -1.7%: Ամսվա ընթացքում արձանագրված գնանկումը գերազանցապես պայմանավորվել է ներմուծված պարենային ապրանքների գների նվազմամբ:

Վերջին անգամ ԿԲ-ն նվազեցրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25%-ով փետրվարի 16-ին, սահմանելով այն 8.5%:

Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները և միջազգային ապրանքային շուկաներում ձևավորված գնանկումային միջավայրը: Խորհուրդն արձագանքել է նաև, որ հունվար-փետրվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը փոքր-ինչ գերազանցել է սպասելիքները՝ կազմելով 4.7%, որին հիմնականում նպաստել է արդյունաբերության ճյուղում և ծառայությունների մասով գրանցված բարձր աճը:

Միևնույն ժամանակ, տարեսկզբին դիտվել է տեղական ապրանքների և ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի և արտահանման զգալի աճ, ինչն ամբողջությամբ չեզոքացրել է համախառն պահանջարկի վրա ներքին թույլ պահանջարկի ազդեցությունը: Հետևաբար, ձևավորված ցածր գնաճն առավելապես արդյունք է հումքային և պարենային հիմնական ապրանքների միջազգային շուկաներից փոխանցված գնանկումային ազդեցությունների:

Այս պարագայում ԿԲ խորհուրդը գտնում է, որ նախորդ տարվա վերջին դրամավարկային պայմանների կտրուկ թուլացումն հիմնականում բավարար է գնանկումային ճնշումները տարվա ընթացքում չեզոքացնելու համար: Ուստի, ներկայումս ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների աստիճանական թուլացումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---