Ասադը $200 մլրդ է գնահատել Սիրիայի վնասը պատերազմից

Ասադը $200 մլրդ է գնահատել Սիրիայի վնասը պատերազմից

PanARMENIAN.Net - Սիրիայում 2011-ից շարունակվող քաղաքացիական պատերազմը 200 մլրդ դոլարի վնաս է հասցրել երկրին: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում: Ըստ նրա, խոսքը տնտեսական վնասի ու ենթակառուցվածքների վիճակի մասին է:

«Տնտեսական հարցերը հնարավոր կլինի կարգավորել, երբ իրավիճակը Սիրիայում կայունանա: Սակայն ենթակառուցվածքների վերականգնումը բավականին տևական ժամանակ կպահանջի»,-մեջբերում է Ասադին գործակալությունը:

Նախագահը հայտարարել է, որ Սիրիայի վերականգնման գործում ինքը հենվելու է այն պետությունների վրա, որոնք սատարեցին Սիրիային ճգնաժամի տարիներին` ՌԴ, Չինաստանի և Իրանի:

«Եթե խոսելու լինենք ենթակառուցվածքների մասին, ապա դա վերաբերում է տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ոլորտների ու մասնագետների: Ուստի, կարծում եմ, որ ՌԴ ընկերությունների առջև մեծ ասպարեզ կբացվի Սիրիայի վերականգնման գործում ավանդ ունենալու համար»,-ասել է Ասադը:

Փետրվարի 27-ից ՌԴ և ԱՄՆ նախաձեռնությամբ Սիրիայում հրադադար է հաստատվել, սակայն ԻՊ և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողությունները շարունակվում են:

Մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրեց մարտի 15-ից սկսել դուրս բերել Սիրիայից ռուսական ռազմական խմբավորման հիմնական մասը: Միաժամանակ ՌԴ նախագահը հանձնարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ակտիվացնել ՌԴ մասնակցությունը Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացի կազմակերպմանը: Զորքերը դուրս բերելու մասին Մոսկվայի որոշումը համաձայնեցված է Դամասկոսի հետ և հնարավոր դարձավ, քանի որ ռուսական զորամիավորումն արդեն կատարել է իր առջև դրած սկզբունքային խնդիրները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---