Թուրք նախկին պաշտոնյայի դեմ հետաքննություն է սկսվել ՀՀ նախագահի հետ հանդիպելու համար

Թուրք նախկին պաշտոնյայի դեմ հետաքննություն է սկսվել ՀՀ նախագահի հետ հանդիպելու համար

PanARMENIAN.Net - Թուրք նախկին պաշտոնյայի նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու պատճառով: Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանի նախկին ղեկավար (2004-2014թթ.) Աբդուլլահ Դեմիրբաշը մեղադրվել է «առանց կառավարությունից թույլտվություն ստանալու» ՀՀ նախագահի հետ հանդիպելու մեջ:

Դեմիրբաշը 2015-ի օգոստոսի 4-ին Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած թուրքական պատվիրակության անդամ էր: Պատվիրակությունը կազմված էր Թուրքիայի ընդդիմադիր քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺՀԿ-HDP) ու «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ-BDP) ղեկավար ներկայացուցիչներից:

Հարուցված հետաքննության շրջանակում կազմված և 2016-ի հունվարի 27-ին հրապարակված տեսչական զեկույցում մասնավորապես արձանագրվել է, որ Դեմիրբաշը HDP/BDP պատվիրակության հետ Հայաստան է մեկնել և հանդիպել ՀՀ նախագահի հետ, ինչի համար որպես պատիժ 3 տարի ժամկետով պետք է կասեցնել նրա պաշտոնեական առաջխաղացումը և տուգանել, թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Առաջարկվել է նկատողություն և տուգանք սահմանել համատեղության կարգով ուսուցչկան գործունեություն ծավալող Դեմիրբաշի նկատմամբ, քանի որ նա երկրից դուրս գալիս իր աշխատավայրը հանդիսացող դպրոցի տնօրենին չի տեղեկացրել այդ մասին:

Իր պաշտպանական խոսքում Դեմիրբաշը նշել է, որ Հայաստան է մեկնել ամառային արձակուրդների ընթացքում, հետևաբար դպրոցի տնօրենին տեղեկացնելու անհրաժեշտություն իրականում չկար: Նա այս մեղադրանքը որակել է որպես «ճամփորդելու ազատության և մարդու իրավունքների» ոտնահարում:

Դեմիրբաշը տեղեկացրել է, որ Սարգսյանն իրեն հրավիրել էր որպես Սուր շրջանի նախկին ղեկավարի: Նա ընդգծել է, որ ՀՀ նախագահի հետ հանդիպելը երբեք էլ Թուրքիայի օրենսդրության համաձայն հանցանք չի համարվել:

Նախկին պաշտոնյան հայտնել է, որ ինքը 3 անգամ հանդիպել է նաև Հռոմի Պապի և բազմաթիվ անգամ՝ ԱՄՆ-ի կոնգրեսականների հետ, ինչպես նաև այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Նա շեշտել, որ որևէ պաշտոնատար անձի հետ հանդիպելու վերաբերյալ ոչ մի իրավական սահմանափակում գոյություն չունի:

Նրա խոսքով՝ եթե իր փաստարկներն ու ինքնապաշտպանությունն անհրաժեշտ արդյունքը չտան և Թուրքիայում իրավական մարմինները չչեղարկեն իրեն սպառնացող պատիժը, ապա նրա հաջորդ քայլը կլինի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմելը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---