ԶԼՄ-ներ. ԻՊ-ն արգելել է հայերին և քրիստոնյա ասորիներին հեռանալ Ռաքքայից

ԶԼՄ-ներ. ԻՊ-ն արգելել է հայերին և քրիստոնյա ասորիներին հեռանալ Ռաքքայից

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն արգելել է ասորի քրիստոնյաներին և հայերին լքել սիրիական Ռաքքա քաղաքը, հայտնում է Tert.am-ը Fox News հեռուստաալիքի վրա հղումով:

«Քրիստոնյաների տառապանքները սկսվեցին, երբ ԻՊ-ն վերահսկողություն հաստատեց Ռաքքա քաղաքում։ ԻՊ-ն քրիստոնյաներին անհավատ է համարում»,- հայտարարել են ակտիվիստները:

Մարտի 27-ին սիրիական կառավարական զորքերն ամբողջությամբ ազատագրել են Պալմիրան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից։ Ազատագրելով քաղաքը` սիրիական բանակը կարող է գրոհել Ռաքքան:

Քաղաքում ներկայում մնացել է ոչ ավելի քան 40 ընտանիք, որոնց պարտավորեցրել են գրանցվել և հարկ վճարել, որպեսզի իրենց չվնասեն։ Նրանք զրկված են Ռաքքան լքելու իրավունքից:

«Բոլոր քրիստոնյաները, որոնք ապրում են Սիրիայում և Իրաքում, գտնվում են վտանգի և անորոշության մեջ։ Մենք ցանկանում ենք, որ քրիստոնեությունը գոյատևի Մերձավոր Արևելքում, հատկապես՝ ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքներում»,- հայտարարել է ամերիկյան Open Doors կազմակերպության նախագահ Դևիդ Քարին:

Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնության եկան Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Այն չի տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա:

Հաշտեցման գործընթացն առավել հաջող է ընթանում այն շրջաններում, որտեղ ուժեղ են կառավարական զորքերի դիրքերը` Լաթակիա, Հոմս, Դերաա, Դամասկոս: Միևնույն ժամանակ, Ռաքքա և Իդլիբ գավառներում, որտեղ ուժեղ են իսլամիստական խմբավորումների դիրքերը, այդ ջանքերը զգալի արդյունք չեն տվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---