Վաշինգտոնում էրդողանի թիկնապահները հարձակվել են ցուցարարների վրա

Վաշինգտոնում էրդողանի թիկնապահները հարձակվել են ցուցարարների վրա

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում բողոքի ցույցի մասնակիցները հայտնել են, որ վիրավորանքների և ֆիզիկական բռնության են ենթարկվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի թիկնապահների կողմից: Բողոքի ցույցը կազմակերպվել էր Բրուքինգի ինստիտուտի դիմաց, որտեղ ելույթ էր ունենում Էրդողանը:

Ավելի վաղ էրդողանի թիկնապահները մի շարք լրագրողների թույլ չէին տվել մասնակցել էրդողանի ելույթին:

«Նրանք չէին ուզում, որ մենք բողոքենք, ուստի սկսեցին քաշքշել մեզ: Նրանք քարշ տվեցին ինձ»,-ասել է Դենիզ Լոհջան: Թուրքական ծագում ունեցող ամերիկուհին հայտարարել է, որ թիկնապահներն անվայել խոսքեր էին հասցեագրում իրեն: Նման հայտարարություններ են արել նաև ակցիայի մյուս մասնակիցները: «Մենք խաղաղ ցույցի էինք մասնակցում, նրանք մոտեցան և սկսեցին սպառնալ մեզ: Նրանք շատ վատ բառեր օգտագործեցին և ասացին, որ մտադիր են սպանել մեզ»,-հայտարարել է քուրդ ցուցարար Օմեր Փաելը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Բրուքինգի ինստիտուտի ղեկավարներից մեկը` Ջո Քլեփերը հայտարարել է, որ թուրք նախագահի թիկնազորի գործողությունները հակասում են կազմակերպության քաղաքականությանը:

Մարտի 31-ից ապրիլի 1-ը Վաշինգտոնում ընթանում է միջուկային անվտանգությանը նվիրված գագաթնաժողովը, որին մասնակցում են տասնյակ երկրների ղեկավարներ:

Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններում լարվածություն առաջացավ ԱՄՆ կողմից սիրիացի քրդերին աջակցելու պատճառով: Վաշինգտոնում վստահ են, որ քրդերն արդյունավետ պայքարում են ԻՊ գրոհայինների դեմ: Թուրքիան իր հերթին քրդերին ահաբեկիչներ է անվանում և հրետակոծում է նրանց դիրքերը: Ընդ որում Վաշինգտոնում նշում են, որ Անկարան շարունակում է կարևոր դաշնակից լինել ՆԱՏՕ-ի գծով, սակայն հորդորում են դադարեցնել քրդական դիրքերի գնդակոծությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---