Սերժ Սարգսյան. Հայկական կողմն ապավինում է միջազգային հանրության միջամտությանը Ադրբեջանին սթափեցնելու գործում

Սերժ Սարգսյան. Հայկական կողմն ապավինում է միջազգային հանրության միջամտությանը Ադրբեջանին սթափեցնելու գործում

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 31-ին Բոստոնից ժամանել է Վաշինգտոն, որտեղ նույն օրը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանի գնահատմամբ, փոխադարձ ջանքերի շնորհիվ հայ-ամերիկյան գործընկերությունն այժմ գտնվում է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա, որի մասին են վկայում նաև վերջին տարիների տարբեր մակարդակի փոխայցելությունները: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների օժանդակությունը` ուղղված ՀՀ տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:

Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է նաև ԱՄՆ դերակատարումը տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գործում, հատկապես՝ ԱՄՆ ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

Անդրադարձ է եղել Հարավային Կովկասի տարածաշրջանի իրավիճակին, միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին: Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, մերձավորարևելյան տարածաշրջանի զարգացումների շուրջ: ՀՀ նախագահը նշել է, որ Ադրբեջանի իշխանություններին սթափեցնելու գործում հայկական կողմը ապավինում է միջազգային հանրության և հատկապես համանախագահող երկրների ակտիվ միջամտությանը` ձեռնարկելու գործուն քայլեր, քանի դեռ դրանք կարող են որևէ բան փոխել: Նախագահ Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել ԱՄՆ կոնգրեսականների՝ ԼՂ հիմնախնդրի նկատմամբ ցուցաբերած ուշադրության և խաղաղ կարգավորմանն ուղղված ակտիվ ջանքերի համար: Վերջիններիս կողմից իրականացվող քայլերը, ըստ Նախագահի, օրինակելի կարող են լինել շատ այլ երկրների խորհրդարանականների համար:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում խիստ մտահոգված են երկրի անմիջական հարևանությամբ ահաբեկչական խմբավորումների գործունեությամբ և խստորեն դատապարտում են այն: Նախագահը ցավով է նշել, որ տեղի ունեցող վայրագությունների հետևանքով սպանվում և փախստական են դառում նաև Իրաքում և Սիրիայում բնակվող բազմաթիվ հայեր, վնասվում և ոչնչացվում են տարածաշրջանում բազմադարյա հայկական հոգևոր և մշակութային ժառանգության նմուշները:

Փոխնախագահ Բայդենը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը` Սիրիայից մեծ թվով փախստականների ապաստան տալու և սիրիահայերի համար կենսագործունեության հնարավոր պայմաններ ստեղծելու համար: Զրուցակիցները հույս են հայտնել, որ Միջին Արևելքում փոքրամասնությունների խնդիրները լուծելու, քրիստոնեական համայնքների վերադարձը խթանելու, նրանց բազմադարյա մշակույթը և ժառանգությունը պաշտպանելու նպատակով գործուն ու արդյունավետ մեխանիզմներ կմշակվեն: Սերժ Սարգսյանը և Ջոզեֆ Բայդենը նաև վստահություն են հայտնել, որ համատեղելով ջանքերը` հնարավոր կլինի դիմակայել առկա մարտահրավերները:

Կարդացեք նաև. Սերժ Սարգսյան. Ղարաբաղը 70 տարի օկուպացիայի զոհ է եղել

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---