Անաստասիա Գալուստյանը գեղասահքի ԱԱ-ում 20-րդն է կարճ ծրագրից հետո

Անաստասիա Գալուստյանը գեղասահքի ԱԱ-ում 20-րդն է  կարճ ծրագրից հետո

PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը շարունակում է պայքարը ԱՄՆ-ի Բոսթոն քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Աղջիկների կարճ ծրագրում Գալուստյանը հանդես է եկել 5-րդ ենթախմբում և հավաքելով 53.24 միավոր՝ ընդհանուր հաշվարկում զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը: Պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակիցն իրավունք է ստացել մասնակցելու ազատ ծրագրին:

Կարճ ծրագրից հետո առաջատարը ԱՄՆ ներկայացնող Գրասի Գոլդն է: Ազատ ծրագրով աղջիկները հանդես կգան արդեն ապրիլի 2-ին:

Իսկ Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը 47.11 միավորով 30 մասնակցի մեջ զբաղեցրել է 27-րդ հորիզոնականը և չի մասնակցի ազատ ծրագրին (երկրորդ փուլ են անցնում միայն առաջին 20 տեղը զբաղեցրած մասնակիցները):

Տղաների մենասահքում Սլավիկ Հայրապետյանը 30 մասնակիցների թվում վերջինն էր: Նա հավաքել է 49.36 միավոր: Հայրապետյանը ևս չի մասնակցի ազատ ծրագրին:

Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից Անաստասիա Գալուստյանը Հունգարիա Դեբրեցեն քաղաքում ավարտված պատանիների աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը: Նա հավաքել է 137.35 միավոր: 2016-ի փետրվարին անցկացված Պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:

Ռուսաստաբնակ Գալուստյանը 2016-ի Տորունի մրցաշարի արծաթե մեդալակիր է: Նա կանանց պայքարում 145,62 միավորով ելույթն ավարտել է 2-րդ տեղում՝ իրենից առաջ թողելով միայն Անգելինա Կուչվալսկային (Լատվիա), որը հավաքել է 152,43 միավոր: Նա15-րդ տեղն է գրավել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում հունվարի վերջին անցկացված գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մրցաշարում:

Գեղասահորդներ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը Bavarian open միջազգային մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը:

2015-ի դեկտեմբերին գեղասահորդները Զագրեբում ավարտված Golden Spin of Zagreb 2015 մրցաշարում դարձել են բրոնզե մեդալակիր: Կարապետյանը և Սենեկալը մրցել են 8 զույգի հետ Ֆրանսիայից, Դանիայից, Հունգարիայից, Ֆինլանդիայից, Իտալիայից, Ճապոնիայից և ԱՄՆ-ից: Կարճ ծրագրում զույգը 4-րդն էր: Ազատ ծրագրում հավաքելով 79,66 միավոր` զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Առաջին տեղում իտալացիներ Գուիգնարդ-Ֆաբրի զույգն է:

2016-ի հունվարի վերջին Սլովակիայում անցկացված գեղասահքի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը զույգը 15-րդ տեղն էր գրավել՝հավաքելով 125,19 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---