Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցու պետականացման որոշումը կբողոքարկվի

Դիարբեքիրի Սբ Կիրակոս  եկեղեցու պետականացման որոշումը կբողոքարկվի

PanARMENIAN.Net - Մարտի 29-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ, արագացված կարգով պետականացվել էր Դիարբեքիրի Սուր շրջանի 80%-ը: Պետականացված տարածքի մեջ են մտնում հայկական Սբ Կիրակոս եկեղեցին, ասորական ու բողոքական եկեղեցիներ:

Եկեղեցու հիմնադրամները պատրաստվում են դատարան դիմել՝ որոշումը չեղարկելու համար, թուրքական T24 լրատվական կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Եկեղեցու հիմնադրամի ղեկավար Էրգյուն Այըքը հայտնել է, որ իրավաբանները սկսել են աշխատել այս ուղղությամբ և բողոքարկման դիմում կներկայացնեն դատարան:

Սբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի փաստաբաններից Ալի Էլբեյօղլուն իր հերթին նշելով, որ նախարարների խորհրդի որոշումն անհրաժեշտ է ուղղել նույն խորհրդի նոր որոշմամբ, հավելել է. «Սակայն սա չպետք է թողնել վարչակարգի հայեցողությանը: Մենք պետք է իրավական գործընթացի շրջանակներում դատարան դիմենք»:

Իսկ Դպրեվանքի հիմնադրամի փաստաբաններից Օմեր Քանթիքը կարծում է, որ պետականացման որոշումն անօրինական է: Ըստ Քանթիքի՝ նախարարների խորհուրդը որոշումը կայացնելիս պետք է պարզաբաներ, թե որ հատվածը ինչու է պետականացվում, իսկ այժմ հայտարարությունները, թե պետականացման գործընթացը «բարի նպատակներ» ունի, իրավական տեսանկյունից չեն կարող մեղմել իրավիճակի լրջությունը: «Այն, որ եկեղեցին գրանցված է որպես պատմական հուշարձան, իրավիճակը չի փոխում: Կա՛մ Նախարարների խորհուրդը նոր որոշում կընդունի, կա՛մ էլ պետք է բողոքարկման համար դիմել դատարան»,- ասել է փաստաբանը:

Նախարարների խորհրդի որոշումը փոխելու անհրաժեշտության մասին խոսել է նաև Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Վերջինս նշել է, որ հարցը քննարկելու համար հանդիպում է պահանջել Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Ֆաթմա Գյուլդեմեթ Սարըի հետ:

Հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին գրեթե 100-ամյա լքվածությունից հետո ամբողջովին վերաբացվել էր 2012թ. նոյեմբերի 3-ին, ինչից հետո այն դարձել էր տեղի հայերին միավորող կարևորագույն կենտրոն: Պատմական եկեղեցու կիսավեր շինության վերանորոգման համար շուրջ 2 մլն թուրքական լիրա էր հատկացվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---