Պուտինը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը

Պուտինը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում` շփման գծում, մարտական գործողությունների վերսկսման մասին հաղորդագրություններով: Այդ մասին լրագրողներին է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահ Պուտինը կոչ է անում հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակն ու զսպվածություն դրսևորել»,-ասել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պեսկովը նշել է, որ ՌԴ նախագահն «ափսոսում է, որ իրավիճակը կրկին վերաճել է զինված դիմակայության»: «Վերջին շրջանում ինչպես եռակողմ (ՌԴ, Հայաստան, Ադրբեջան), այնպես էլ միջազգային (ԵԱՀԿ ՄԽ) ուղղությամբ մի շարք ջանքեր գործադրվեցին, որոնք կարող էին արդյունքում հանգեցնել հակամարտության կարգավորման»,-ասել է Պեսկովը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ պաշտոնական Մոսկվան ուշադիր ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման մասին ստացվող տեղեկությունները:

Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:

Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող 2 սարք (ԱԹՍ) և 3 տանկ:

Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել:

Ընթերցեք նաև. ԼՂ ՊԲ. Խոցվել է ադրբեջանական ևս մեկ ուղղաթիռ, 3 տանկ, 2 ԱԹՍ (Լուսանկար)

Նախագահին զեկուցվել է շփման գծում իրավիճակի լարման մասին. Նա ԱՄՆ-ից վերադառնում է ՀՀ

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---