Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարարի, ԵՄ հատուկ ներկայացուցչի, ՄԽ համանախագահների հետ

Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարարի, ԵՄ հատուկ ներկայացուցչի, ՄԽ համանախագահների հետ

PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակի սրման հետ կապված ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարարի, ԵՄ հատուկ ներկայացուցչի, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի, ՀԱՊԿ ԳՔ Բորդյուժայի հետհետ:

Այս մասին Twitter-ի իր էջում տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

ՀՀ ԱԳՆ-ն նաև հաղորդագրություն է տարածել, որում խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ամբողջ երկայնքով և Հայաստանի հետ սահմանին՝ հարձակումենրի թիրախ դարձնելով նաև քաղաքացիական օբյեկտներ ու բնակավայրեր։

«Բաքվի կողմից բանակցային գործընթացի խաթարմանն ուղղված շարունակական քայլերը, իսկ վերջերս Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներից հրաժարումը, Ադրբեջանի նախաձեռնած նոր թափով ռազմական գործողությունները, շանտաժի լեզվով խոսելու հերթական ապարդյուն փորձերն են։

Բաքուն կոպտորեն ոտնահարում է միջազգային հանրության բազմաթիվ կոչերը՝ հիմնահարցը բանակցային ճանապարհով լուծելու վերաբերյալ: Միայն վերջին օրերին նման նոր հայտարարություններով հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ԵԱՀԿ գերմանական նախագահությունը, ԱՄՆ փոխնախագահը, պետքարտուղարը: Ահա, թե ինչպես է Ադրբեջանը պատասխանում նման հորդորներին:

Մենք բազմիցս ենք հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը, կոչ արել սանձել Բաքվի ռազմական նկրտումները` աչքի առաջ ունենալով իրավիճակի հենց այնպիսի զարգացումը, որն այսօր իրականացվում է Ադրբեջանի կողմից», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ Իրավիճակի սրման Ադրբեջանի այս հերթական քայլը, հաշվի առնելով դրա լայնածավալ բնույթը, օգտագործված զինատեսակները, թիրախների ընտրությունը, խոսում է այն մասին, որ Բաքուն գնում է իրավիճակի հետևողական լարման ճանապարհով, ինչը հրամայական է դարձնում Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով միջազգային հանրության գործնական քայլերի իրականացումը:

Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող 2 սարք (ԱԹՍ) և 3 տանկ:

Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել:

Կարդացեք նաև՝ Ադրբեջանը «Գրադով» հարվածել էր դպրոցին. Վիրավոր երեխաներից մեկին վիրահատել են

ՀԱՊԿ. Ադրբեջանը սրում է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---