Մի քանի հազար հոգուց կազմված երկրապահական խմբերը մեկնել են առաջնագիծ

Մի քանի հազար հոգուց կազմված  երկրապահական խմբերը  մեկնել են առաջնագիծ

PanARMENIAN.Net - Ապրիլի 1-2-ի գիշերից սկսված սահմանային աննախադեպ լարվածության պայմաններում երկրապահները բերվել են մարտական պատրաստվածության: Այս մասին տեղեկացնում է Երկրապահ կամավորական միությունը:

Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը:

Ապրիլի 3-ի առավոտից կամավորական առաջնագիծ մեկնելու դիմումներ ներկայացրած երկրապահական խմբերը`մի քանի հազար հոգի, մեկնում են առաջնագիծ` համապատասխան առաջադրանքներ կատարելու համար:

Նշվում է, որ քայլերը համաձայնեցվում են պետական կառույցների` ՀՀ և Արցախի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարների և պաշտպանության նախարարներիհետ:

«ԵԿՄ վարչությունում գործում է գլխավոր օպերատիվ շտաբ, շտաբեր են գործում նաև ԵԿՄ տարածքային բաժանմունքներում, մարզային խորհուրդներում:

Ազատամարտիկներ, ուսանողներ` տղա, թե աղջիկ, բժիշկներ, բուժքույրեր, այլ ոլորտի մասնագետներ դիմում են ԵԿՄ շտաբերում ընդգրկվելու համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում մեկնեն առաջնագիծ: Դիմողների թվում են նաև շատերը, որ նախկինում ԵԿՄ անդամ չեն եղել և այսօր են անդամագրվում Երկրապահին»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:

Ապրիլի լույս 2-ի գիշերվանից շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 2 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և 4 տանկ: Ադրբեջանն ընդունել է 12 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը` այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և վիդեոնկարներում առկա է 15 դիակ, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ: Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, ևս 35-ը վիրավորվել է:

Իսկ ապրիլի 3-ին Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական խփված տանկերի թիվն 14-ն է:

Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, ևս վեց քացաքացիական, որոնիցի երկուսը` երեխա, վիրավորվել են:

Կարդացեք նաև՝ ՊԲ-ն հետ է վերցրել Թալիշի ուղղությամբ կորցրած հենակետը. Հայկական կողմը երկու վիրավոր ունի

ԱՄՆ Պետդեպը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին խստորեն հետևել հրադադարի ռեժիմին

ՄԱԿ Գլխավոր քարտուղարն իր խորը անհանգստությունն է հայտնել Ղարաբաղում բախումների կապակցությամբ

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---