Նալբանդյանն արտերկրյա մի շարք գործընկերներին ներկայացրել է շփման գծում իրավիճակը

Նալբանդյանն արտերկրյա մի շարք գործընկերներին ներկայացրել է շփման գծում իրավիճակը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների սանձազերծումից անմիջապես հետո՝ ապրիլի 2-3-ին՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք արտերկրյա գործընկերների հետ` ներկայացնելով նրանց ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը վերջին զարգացումները քննարկել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Այրոյի, ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդի, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի, ինչպես նաև Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ:

Արտերկրում ՀՀ դեսպանները, միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչները իրադարձությունների զարգացման մասին պարբերաբար տեղեկացնում են հավատարմագրման երկրների իշխանություններին և միջազգային կառույցների ղեկավարությանը։

Տասնյակ երկրներ և միջազգային կազմակերպություններ դատապարտել են ռազմական գործողությունների վերսկսումը, կոչ արել անհապաղ դադարեցնել կրակը և շեշտել, որ ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի։

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 3 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և, ԼՂ ՊԲ տվյալներով, 18 տանկ ու 5 զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում մի քանի տասնյակ դիակներ կան, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են:

Կարդացեք նաև՝ ՀՀ ՊՆ. Հայկական ստորաբաժանումներն ադրբեջանական 3 նոր տանկ են խոցել

ՊՆ. Հայկական կողմն առաջխաղացում ունի, դիրքեր ու բնագծեր է ազատագրել

ԱՄՆ կոնգրեսական Շերմանը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---