Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խոստովանել է, որ իրենք են նախահարձակ եղել

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խոստովանել է, որ իրենք են նախահարձակ եղել

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ի երեկոյան Ադրբեջանի նախագահի ղեկավարությամբ անցկացված անվտանգության նիստի ընթացքում երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը խոստովանել է, որ իրենք են սկսել ռազմական գործողությունները` բերելով, մեղմ ասած, անիմաստ «հիմնավորումներ»: Այս մասին հայտնի է դարձել Զաքիր Հասանովի զեկույցի տեսագրությունից, հայտնում է Ռազմ.info-ն:

Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր զեկույցում մասնավորապես ասել է. «Պետք է նշեմ, որ վերջին ժամանակները ՀՀ զինված ուժերը սահմանագծին տեղակայված տարածքներում, գյուղերում դիվերսիաներ են կազմակերպում, բնակչության դեմ ծանր հրազեն, հրետանի են օգտագործում, դրա հետևանքով բնակչության շրջանում կորուստներն էլ են ավելացել (ակնհայտ ապատեղեկատվություն, ընդհակառակը` վերջին շրջանում Ադրբեջանի զինուժն էր սկսել հրետանայաին և հրթիռային տեխնիկաներից կրակել հայկական բնակավայրերի ուղղությամբ. խմբ.): Այս դիվերսիաներին հակազդելու համար, գնահատելով ստեղծված իրավիճակը` որոշվել է հրետակոծել հայկական դիրքերը և նրանց զինված ստորաբաժանումները ստիպողաբար հեռացնել մեր գյուղերի մոտակայքից:

Բացի այդ, պլանավորված կերպով, հաշվի առնելով հնարավոր ուղղությունով հայկական զինուժի ստորաբաժանումների գործողությունները, գիշերվա 1-ից 2-ը Ադրբեջանի ԶՈւ հետախուզական ստորաբաժանումները 3 ուղղությամբ գործողություններ են ձեռնարկել: ….. Այս գործողության հիմնական նպատակը դիվերսիաներին հակազդելը և մեր կրակակետերի, բնակավայրերի ազատագրումն է…»:

Փաստորեն Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոստովանում է, որ իրենք նախահարձակ են եղել և իբրև «հիմնավորում» նշում իրականության հետ կապ չունեցող «փաստեր նախկինում հայկական ուժերի գործողությունների մասին»:

Ավելին` Զաքիր Հասանովը նշում է «ադրբեջանական բնակավայրերն ազատագրելու» անհրաժեշտության մասին` ապացուցելով, որ Ադրբեջանը պատրաստ չէ և չի էլ ուզում գնալ բանակցային ճանապարհով` փորձելով ամեն բան լուծել ռազմական գործողությունների միջոցով:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 3 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և, ԼՂ ՊԲ տվյալներով, 20 տանկ ու 5 զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում մի քանի տասնյակ դիակներ կան, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---