ԱՄՆ փոխնախագահը ՀՀ և Ադրբեջանի նախագահներին կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները

ԱՄՆ փոխնախագահը ՀՀ և Ադրբեջանի նախագահներին կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները

PanARMENIAN.Net - ​ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը տեղեկացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ քննարկել է մարտական գործողությունների դադարեցման հարցը: Այդ մասին նա գրել էTwitter-ի իր միկրոբլոգում:

«Ինչպես ասացի նախագահներ Սարգսյանին և Ալիևին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամբողջական կարգավորումն անչափ կարևոր է իրենց կայունության, անվտանգության և զարգացման համար»,- նշել է նա:

Ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին դատապարտել էր ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում հրադադարի լայնածավալ խախտումը: Նա կոչ էր արել կողմերին խուսափել ապագա սրացումից, խստորեն հետևել հրադադարի ռեժիմին: Քերին նշել էր, որ «տարածաշրջանում անկայունությունը ցուցադրում է, ինչու կողմերը պիտի սկսեն անհապաղ բանակցություններ վարել Մինսկի խմբի հովանու ներքո` հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար»:

Քերին նշել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում և որպես համանախագահ երկիր, ԱՄՆ-ն աշխատում է կողմերի հետ` հասնելու վերջնական խաղաղության:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 3 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ ու 5 զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում մի քանի տասնյակ դիակներ կան, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 20 զինծառայող, 26-ն անհետ կորել, մոտ 72-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---