ԼՂՀ քաղբնակչության դեմ Ադրբեջանի գործողությունների փաստերով քրգործեր են հարուցվել

ԼՂՀ քաղբնակչության դեմ Ադրբեջանի գործողությունների փաստերով քրգործեր են հարուցվել

PanARMENIAN.Net - ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանն անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն հանրապետության իրավապահ կառույցների պատասխանատուների մասնակցությամբ` քննարկելու 2016-ի ապրիլի 02-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից ռազմական գործողությունների և դրանց արդյունքների փաստերով արդեն իսկ հարուցված քրեական գործերով իրականացված նախաքննության արդյունքները:

Այս մասին հայտնում է ԼՂՀ դատախազությունը։

Նկատի ունենալով, որ հարուցված քրեական գործերով պարզվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շրջանակում 1994-ի մայիսի 12-ին ուժի մեջ մտած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության,Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների կողմից ստորագրած հրադադարի մասին համաձայնագրի պայմանները, 2016-ի ապրիլի 02-ի գիշերը ցամաքային զորքերի, օդուժի, հրթիռա-հրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ ագրեսիայի ակտ են իրականացրել ԼՂՀ-ի դեմ` խախտելով համաձայնագրի կողմ հանդիսացող ԼՂՀ տարածքային ամբողջականությունը:

Միաժամանակ, ագրեսիվ պատերազմ վարելու ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը ռազմական գերազանցության հասնելու նպատակով, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտմամբ, ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ են դարձրել խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական բնակչությանը, օբյեկտները՝ դպրոցներ, շինություններ, ճանապարհներ, այլ ենթակառույցներ և առանձին քաղաքացիական անձանց, ինչը առաջացրել է միջազգային իրավունքի պաշտպանության տակ գտնվող բազմաթիվ անձանց մահ, այդ թվում` երեխաների, մեծ չափերի անօրինական,կամայական գույքի ոչնչացում:

Տվյալ փաստերով ԼՂՀ նախաքննություն իրականացնող մարմինների կողմից հարուցվել են քրեական գործեր:

Վերոգրյալը հիմք ընդունելով՝ ԼՂՀ գլխավոր դատախազը որոշում է կայացրել հարուցել քրեական գործ ԼՂՀ քրեական օրենսգրքի 410 (Ագրեսիվ պատերազմ) և 416 (Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) հոդվածներով:

Միաժամանակ, գլխավոր դատախազի հանձնարարությամբ ստեղծվել է քննչական խումբ` ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության պետի գլխավորությամբ, և տվյալ գործով նախաքննությունը հանձնարարվել է այդ քննչական խմբին:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ ու 5 զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում մի քանի տասնյակ դիակներ կան, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 20 զինծառայող, 26-ն անհետ կորել, մոտ 72-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են:

ԼՂՀ ՊՆ. Հակառակորդն արկակոծել է նաև Մարտունի բնակավայրը

ԼՂ կառավարությունը բանկային հաշիվ է բացել Արցախին աջակցել ցանկացողների համար

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---