Հայ դատի հանձնախումբը մտադիր է ստիպել Սպիտակ տանը խախտել լռությունը

Հայ դատի հանձնախումբը մտադիր է  ստիպել Սպիտակ տանը  խախտել լռությունը

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների ամենաազդեցիկ հայկական կառույցներից մեկը առաջիկա օրերին պատրաստվում է հատուկ քայլեր ձեռնարկել՝ ստիպելու Սպիտակ տանը խախտել լռությունը: Այս մասին հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Եղիսաբեթ Չուլջյանը:

«Հստակ պասիվություն է սա, և իրականության մեջ պասիվությունը չի սկսվել հիմա, պասիվությունը սկսվեց, երբ Ալիևը այստեղ՝ Վաշինգտոնում էր, և այդ առիթը չօգտագործեց Ամերիկայի կառավարությունը, որ շատ հստակ ազդանշան ուղարկի նախագահ Ալիևին երկու հարցի գծով․ մեկը՝ որ այլևս դադարեցնեն բռնապետությունը իրենց երկրում, և նաև դադարեցնեն հարձակումները Հայաստանի և Արցախի վրա», - ընդգծել է Չուլջյանը՝ հավելելով․ - «Ուրեմն, զարմանալի չէ, դժբախտաբար, որ արտգործնախարար Քերրին պիտի շարունակի այս տկար խոսքերը, և այստեղ է, որ Կոնգրեսը պետք է ավելի հստակ և զորավոր քայլեր ձեռնարկի», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը ապրիլի 4-ին Թվիթերում կատարած գրառմամբ հիշեցրել է․ - «Ինչպես ես ասացի նախագահներ Ալիևին և Սարգսյանին, Լեռնային Ղարաբաղի խնդրի համապարփակ կարգավորումը կարևոր է կայունության, անվտանգության և բարգավաճման համար»:

Ղարաբաղի հարցը մինչ այդ էլ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներն են քննարկել․ Ջոն Քերրին ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Նրանք դատապարտել են որոշ «արտաքին խաղացողների» փորձերը՝ Ղարաբաղի շուրջ հակամարտությունը խթանելու ուղղությամբ:

ԱՄՆ Իլինոյս նահանգից սենատոր, Հանրապետական կուսակցության անդամ Մարք Քըրքը կոչ է արել Օբամայի վարչակազմին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին բռնությունների համար:

Քըրքը նաև կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և պետքարտուղարությանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատասխանատվության ենթարկել բռնության համար և աջակցել կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոթ Էնգելի ներկայացրած՝ խաղաղությանն ուղղված քայլերի իրականացմանը։ Դրանք ներառում են շփման գծից դիպուկահարներին հեռացնելու, այդ հատվածում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մշտադիտարկողների ներկայությունն ավելացնելու, ինչպես նաև կրակի արձակման վայրը որոշող հատուկ համակարգեր տեղադրելու առաջարկներ։

Ամերիկացի կոնգրեսական Լինդա Սանչեսը ևս դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ու կոչ արել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին հարգել հրադադարը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ ու 5 զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում մի քանի տասնյակ դիակներ կան, 1 ուղղաթիռ և 2 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 20 զինծառայող, 26-ն անհետ կորել, մոտ 72-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են:

Ուրուգվայը կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները

Լոս Անջելեսի հայերի բողոքի ակցիան՝ ընդդեմ Ադրբեջանի հարձակողական գործողությունների

ԼՂ կառավարությունը բանկային հաշիվ է բացել Արցախին աջակցել ցանկացողների համար

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---