Շարմազանովը՝ Չավուշօղլուին. Ահաբեկիչների հովանավոր Թուրքիան անելիք չունի ԼՂ կարգավորման գործընթացում

Շարմազանովը՝ Չավուշօղլուին. Ահաբեկիչների հովանավոր Թուրքիան անելիք չունի ԼՂ կարգավորման գործընթացում

PanARMENIAN.Net - Չավուշօղլուն իր հայտարարությամբ վերահաստատել է Թուրքիայի իշխանությունների մեղսակցությունն Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում մասնավորապես հայտարարել է, թե Թուրքիան միշտ կլինի եղբայրական Ադրբեջանի կողքին, քանի որ օսմանական թուրքը, անգամ ընկած, երբեք եղբորը փորձանքի մեջ չի թողնի: Թուրք դիվանագետը մեղադրել է Հայաստանին ադրբեջանական տարածքների օկուպացիայի մեջ, քննադատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

«Այս ամենը զարմանալի չէ, քանի որ թե՛ Մերձավոր Արևելքում ԻՊ ահաբեկիչների, թե՛ ադրբեջանական ԶՈՒ հանցագործությունները, մասնավորապես Թալիշում անօգնական ծերերի սպանդը նույն ձեռագիրն է, որը կարող է ուղղորդվել Թուրքիայի կողմից: Չավուշօղլուի այդ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ջղաձիգ արձագանք իրենց ձախողված բլիցկրիգին»,-նշել է ԱԺ փոխնախագահը:

Չավուշօղլուի՝ Ալիևին սատարող հայտարարությունն Էդուարդ Շարմազանովին հիշեցրել է Հիտլերի և Մուսոլինիի եղբայրության կոչերը, որոնց ահաբեկչական քաղաքականությունը ձախողվել է:

«Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, պետք է նշեմ, որ ահաբեկիչների հովանավոր Թուրքիան անելիք չունի հիմնախնդրի կարգավորման գործընթացում»,-ամփոփել է ԱԺ փոխնախագահը:

Ավելի վաղ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն, անդրադառնալով Անկարայի մեղսակցությանը ղարաբաղա-ադրբեջանակնա հակամարտ զորքերի դիրքում ադրբեջանական ուժերի հարձակմանը, ասել էր. «Չեմ կարող դատել, թե ինչ դեր է ունեցել կամ չի ունեցել Անկարան, կամ շարունակում է ունենալ Լեռնային Ղարաբաղի դեպքում, բայց այն, որ բոլորի համար, ներառյալ Թուրքիան ու թուրք ժողովրդին, ճիշտ կլիներ, որպեսզի Անկարան կենտրոնանա աջակցությունն ահաբեկչությանը դադարեցնելու վրա, հստակ է»:

Ապրիլի լույս 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետևանքով:

Ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների 4 օր տևած թեժ մարտերում ոչնչացվել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 16 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 29 զոհ, 101 վիրավոր, ևս 28-ն անհետ կորած է: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, երկկողմանի հրադադար է հայտարարվել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---