Առաջնահերթ կարգով կլուծվի աղետի գոտու 183 ընտանիքի բնակարանի խնդիրը

Առաջնահերթ կարգով կլուծվի աղետի գոտու 183 ընտանիքի բնակարանի խնդիրը

PanARMENIAN.Net - Կառավարությունը հաստատել է ՀՀ 2016թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները, հայտնում է Panorama.am-ը:

Ըստ հիմնավորման՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված 5363 ընտանիքից 2016թ. սկզբի դրությամբ դեռևս կարգավորված չէ մոտ 920 ընտանիքի բնակարանային ապահովման խնդիր, որի լուծմանը նախատեսվում է անդրադառնալ 2016-2017թթ. ընթացքում՝ փուլային մոտեցման կիրառմամբ:

Կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին առաջնահերթ կարգով անդրադառնալ 183 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծմանը, որոնցից մոտ 100-ը՝ Գյումրիում, 50-ը՝ Սպիտակում, իսկ 33-ը՝ Ախուրյան համայնքում (պետբյուջեով միջոցներ են նախատեսվել ևս 104 ընտանիքի համար Ախուրյան համայնքում կառուցվող 3 բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքների վերսկսման համար): Սահմանվում են նաև այդ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ուղղությունները, մասնավորապես՝ առաջարկվում է Գյումրիում և Ախուրյանում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակապահովման խնդիրը լուծել բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման նպատակով բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրմամբ, իսկ Սպիտակում ծրագրի շահառու ճանաչված և մեկ սենյակի հավակնող ընտանիքներինը՝ ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմամբ:

2016թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում դեռևս լուծման կարիք կունենա ծրագրի շահառու ճանաչված մոտ 633 ընտանիքի բնակարանային խնդիր: Դրա հետ մեկտեղ, կարգավորման կարիք կունենա Գյումրի քաղաքում ամբողջական փաստաթղթային փաթեթներ ներկայացրած, սակայն ծրագրի շահառուների ճանաչման գործընթացի ժամանակ հանրապետությունից բացակայած մոտ 24 ընտանիքի բնակապահովման խնդիրը:

Հովիկ Աբրահամյանը կարևորել է ընդունված որոշումը և հանձնարարել քաղաքաշինության նախարարին հետամուտ լինել ծրագիրը սահմանված ժամկետում ավարտելու և որակով իրականացնելու հարցում:

Բացի այդ, Գյումրու տարածաշրջանում երկաթուղու արտադրական տարածքներում բնակություն հաստատած ընտանիքների վերաբնակեցման (տարհանման) խնդիրը լուծելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Որոշմամբ նախատեսվում է տեղափոխել բնակիչների վերաբնակեցման ժամկետը (մինչև նոյեմբերի 1-ը)՝ հաշվի առնելով, որ Գյումրու քաղաքապետարանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ համատեղ աշխատանք կտանեն նշված բնակիչների վերաբնակեցման գործընթացն ապահովելու համար:

2008 թվականից աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող սոցիալական ուղղվածության ծրագրի շահառու է դարձել 5313 ընտանիք: Մասնավորապես, 61 ընտանիքի 2008-2009 թվականներին տրվել է բնակարանի գնման հավաստագրեր, 321 ընտանիքի տրվել է 3-ական մլն դրամի ֆինանսական աջակցություն, իսկ 3693 ընտանիքի 2009-2013 թվականներին բնակարան է տրամադրվել: 2014–2015 թթ. Գյումրիում բնակարան ձեռք բերելու հավաստագիր է ստացել 230 ընտանիք։

2014-ի օգոստոսին Նարեկ Սարգսյանը հայտարարել էր, որ աղետի գոտում լուրջ ուսումնասիրություններ են կատարվել, կա հստակ մոտեցում՝ Գյումրիում դեռևս անօթևան մնացած 430 ընտանիքի համար ոչ թե նոր շենք կառուցել, այլ պետությունը նրանց տա բնակարանների գնման վկայագրեր: «Որոշեցինք, որ ճիշտ կլինի պետությունը բնակարանների գնման վկայագրերով աշխատի բնակիչների հետ, քան նորից շենքեր կառուցի: Քաղաքում կան վաճառքի ենթակա բազմաթիվ շենքեր: Ավելի ճիշտ է գնել այդ բնակարնները՝ միաժամանակ աշխուժացնելով նաև քաղաքի շուկան»,- ասել էր նախարարը:

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ շահառուները կանխիկ գումար չեն ստանա, փողը կփոխանցվի բնակարանի տիրոջը գնման պահին: Իսկ բուն գումարը հաշվարկված է պետկադաստրի տրամադրած տվյալների հիման վրա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---