Բաբայան. ԼՂՀ կառավարությունը հաշվարկում է շենքերի ու ենթակառուցվածքների վնասը

Բաբայան.  ԼՂՀ  կառավարությունը  հաշվարկում է  շենքերի ու ենթակառուցվածքների վնասը

PanARMENIAN.Net - ԼՂՀ կառավարությունը կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածությունից հետո սկսել է ենթակառուցվածքների ու շինությունների վնասի գույքագրումը: Այս մասին հայտնել է ԼՂ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Ամեն ինչ քննարկվում է, հիմա մենք պետք է վերլուծենք, հաշվարկենք` ինչպիսի կորուստներ ենք ունեցել, իհարկե, մարդկային կորուստներն անդառնալի են, բայց նյութական կորուստների հարցով արդեն իսկ կառավարությունը սկսել է գործընթացը, տեսնենք` ինչ վնաս է հասցվել, քանի շենք պետք է վերականգնվի գյուղերում, քաղաքներում՝ Մարտակերտում, Մարտունիում, հասարակական, տնտեսական օբյեկտները»,- ասել է Բաբայանը, գրում է Tert.am-ը:

Նրա խոսքով՝ բնականաբար, հաշվի առնելով, որ հարաբերական հրադադարից քիչ ժամանակ է անցել և այն պարբերականորեն խախտվում է Ադրբեջանի կողմից, այս պահին որևէ նախնական պատկեր ու հաշվարկ չի կարող լինել:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 33 զոհ, 121-ը վիրավորվել է, 25-ն անհետ կորած են: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով

Օհանյան. Զոհված զինվորների ընտանիքներին աջակցություն է հատկացվում

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---