Սեյրան Օհանյան. Համալրված են բոլոր ստորաբաժանումները

Սեյրան Օհանյան. Համալրված են բոլոր ստորաբաժանումները

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երախտիքի խոսք է հղել ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համալրած կամավորականներին:

Նախարարը նշել է, որ այս օրերին բազմաթիվ ջոկատներ, օգտագործելով իրենց ունեցած փորձը, մեկնեցին և համալրեցին Պաշտպանության բանակի բոլոր ստորաբաժանումները, որ Հայկական բանակի հրամանատարների և զինվորների պատրաստությունը շաղախվեց մեր ազատամարտի վետերանների, երկրապահների, կամավորականների փորձառության հետ, և դա էլ հիմք հանդիսացավ այն հաջողության, որն ունեցանք Արցախյան ամբողջ ճակատում:

«Ես իմ երախտիքի խոսքերն եմ ուզում հղել մեր բոլոր մարտական ընկերներին, բոլոր կամավորականներին: Այդ խոսքերը ոչ միայն ես եմ հղում, այլև կարծում եմ, որ ամբողջ ժողովրդի խոսքերն են, մեր ղեկավարության, և հատկապես` բանակի ողջ անձնակազմի խոսքերն են:

Վտանգի պահին մենք միշտ միասնական ենք եղել: Եվ այս փորձությունն էլ մեր վրա վերցրեցինք: Եվ կարծում եմ, որ այս փորձությունը մեզ միշտ սպասում է: Սա ուզում եմ ասել այն կամավորականներին, ովքեր եկան, հերթագրվեցին, արտահայտեցին իրենց պատրաստակամությունը, բայց քանի որ Պաշտպանության բանակի հրամանատարությունը դիմել է ինձ, և իր երախտիքի խոսքերի հետ միասին ասել, որ այլևս համալրված են բոլոր ստորաբաժանումները, մնացածը թող զբաղվեն պատրաստությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում կմեկնեն Արցախ:

Այդ խոսքերն ուզում եմ փոխանցել իմ բոլոր մարտական ընկերներին, և ասել, որ երբևիցէ թող չհուսահատվեք, չընկճվեք: Մեզ անպայման անհրաժեշտ են համարձակ մարտական ընկերներ: Այդ համարձակությունը, զգոնությունը թող միշտ ձեզ հետ լինի, և լինելով այստեղ` Հայաստանում, միշտ պատրաստ եղեք, որովհետև մեր պայքարը մշտական է, անհրաժեշտության դեպքում մենք ձեզ կտեղեկացնենք, և դուք անպայման կմեկնեք մեր Արցախի հայրենակիցների անվտանգությունն ապահովելու համար»,-ասել է նախարարը:

Օհանյանը հավելել է նաև, որ այս օրերին, հաջողությունների հետ մեկտեղ, շատ-շատ զինծառայողների, ազատամարտիկների հարազատների հետ նաև ցավ ենք ապրել, ցավ, որովհետև նրանք իրենց կյանքը տվել են մեր Հայրենիքի սուրբ հատվածի` Արցախի պաշտպանության համար: Նա նշել է նաև, որ հաջողությունները, հաղթանակները մեզ անպայման ստիպում են, որ ցավը շաղախվի նրանց կատարած հերոսությունների սխրանքի հետ, և կարծրանա որպես պատասխանատվություն` հետագա մեր գործողությունների համար:

«Եվս մեկ անգամ իմ շնորհակալական խոսքը ձեզ բոլորիդ, եղեք համբերատար, և անպայման հաղթանակները կլինեն մեր հետ», -ասել է նախարարը, հայտնում է պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 33 զոհ, 121-ը վիրավորվել է, 25-ն անհետ կորած են: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել:

Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---